ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ռուսական խաղաղաղպահ զորակազմի միջոցով եւ այլ խողովակներով աշխատում է Լաչինի միջանցքի ամբողջական ապաարգելափակման ուղղությամբ: Զախարովան Երեւանին կոչ է արել չհրաժարվելու եռակողմ ձեւաչափերով աշխատանքից, քանի որ դա բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա եւ հանգեցնում իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ է արել քայլեր ձեռնարկելու Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապարգելափակելու ուղղությամբ եւ ԼՂ բնակչությանը Երեւանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնելու։
Հակարիի կամրջի միջադեպի մասին
Անդրադառնալով Հակարիի գետի կամրջի վրա ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի զինվորականները փորձել էին Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրել, Զախարովան ասել է, որ միջադեպը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված չլինելու հետեւանք է: Իսկ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն է որակել, քանի որ իրավիճակը կարգավորելու համար նրանք սերտորեն գործակցում են կողմերի հետ, պատասխանատվության գոտում կատարում են իրենց հրադադարի պահպանմանն առնչվող խնդիրները։ «Ռուսական կողմը բազմիցս կոչ է արել սկսելու սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը մեր խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է օգնելու սահմանազատման հարցում, ներառյալ՝ կռվախնձոր դարձած այդ հատվածում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Մեկնաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմը ռուսական միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու անհաջող փորձի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ Զախարովան նշել է, որ Հայաստանի խորհրդարանում պատերազմի հարցերով հանձնաժողովի նիստը կապված է ներքաղաքական օրակարգի հետ եւ ներքին բանավեճերը մեկնաբանելու ցանկություն չունի: «Բայց, որքան էլ թեժ լինեն ներքաղաքական իրադարձությունները, կա մեկ ճշմարտություն. հենց ՌԴ-ն կարողացավ 2020-ի աշնանը ԼՂ-ում հասնել հրադադարի եւ վերականգնել տարածաշրջանում խաղաղությունը»,- շեշտել է Զախարովան:
Շուշիում հյուպատոսություն բացելու Անկարայի մտադրության մասին
Անդրադառնալով Շուշիում հյուպատոսություն բացելու Անկարայի պատրաստակամության մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ Զախարովան նշել է, որ ցանկացած վայրում հյուպատոսություն բացելն այս դեպքում Բաքվի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունների հարց է։ «Հասկանում ենք Երեւանի համար թեմայի զգայունությունը։ Գործընկերների հետ մեր շփումներում ընդգծում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը»,- նշել է Զախարովան եւ հավելել, որ կողմերը պետք է գիտակցեն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: