Հունիսի 21-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը քննարկվել են Վերին Լարսի անցակետի թողունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների կուտակումների եւ հերթերի գոյացումների կանխմանն առնչվող մի շարք հարցեր։
Նշվել է, որ հունիսի 15-ին շահագործման հանձնված 15 նոր անցուղիների շնորհիվ ներկա դրությամբ գործում է 39 անցուղի, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք եւ 6 ելք), 24-ը՝ թեթեւ մարդատար տրանսպորտի համար (12 մուտք եւ 12 ելք), 2-ը՝ ուղեւորատար ավտոբուսների համար եւ 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։ Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով եւ օրական միջինում արդեն ձեւակերպում է ստանում մոտ 1300 բեռնատար, ինչը նպաստել է անցակետի երկու կողմերում հերթերի վերացմանը։
Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը հնարավորություն է ընձեռում հայկական կողմում կատարված ռենտգեն սկանավորման արդյունքներն օգտագործելու ռուսական կողմում կատարվող հսկողության ընթացքում, որը կարող է նպաստել բեռների ավելի արագ ձեւակերպմանը։