ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 22-ի ուշ երեկոյան քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը։ Այն հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար եւ մարդու իրավունքների հետեւանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը։
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել գործադրելու բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժի համար: ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել նաեւ անհապաղ կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները. Ադրբեջանին կոչ է արվում վերականգնելու էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաեւ հասցեական կոչ է արվում հրաժարվելու հայերի դեմ կիրառվող թշնամական եւ սպառնալից հռետորաբանությունից։
Ռուբինյանը հավելել է, որ Ադրբեջանի պատվիրակությունն արել է ամեն ինչ բանաձեւը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվել են, եւ բանաձեւն ընդունվել է: