Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին վերածում է մզկիթի։ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու հրամանը Ալիեւը տվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողությանն անցած Հադրութի շրջան կատարած այցի ժամանակ: Ադրբեջանական կողմը մտադիր է վերացնել գմբեթի վեղարն ու զանգակատունը, փոխարենը կառուցել երկու մինարեթ։ Ծառայությունում Բաքվի քայլը որակել են «Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»:
Սուրբ Համբարձում եկեղեցին Բերձորի հարավարեւմտյան ծայրամասում է՝ Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։ Բերձորի Սբ Համբարձում եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998-ի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Շինարարությունը ղեկավարել է Գեորգի Առաքելյանը։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի հեղինակներն են անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Կարո Մկրտչյանը, փայտագործ վարպետ Վանո Դադոյանը եւ ուրիշներ: Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգեւոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019-ից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:
Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից հայտնել են նաեւ, որ մինչեւ 2022-ի օգոստոսի 25-ը` թշնամուն հանձնելը, եկեղեցին բարվոք վիճակում էր։ 2022-ի օգոստոսի 25-ին Բերձորից տարհանվել է 47 մշակութային հուշարձան, ներառյալ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։