Նորվեգական Aftenposten պարբերականը գրում է, որ 2022-ի աշնանից նորվեգական պետական երկաթուղային Bane Nor օպերատորը դժվարություններ է ունենում երկաթուղային ճշգրիտ չվացուցակների ներդրման եւ իրագործման առումով: Դեռեւս հնարավոր չի եղել ապահովել գնացքների ճշգրտության նվազագույն ցուցանիշը: Հունիսին, ըստ ժամանակացույցի, Նորվեգիա է ժամանել ուղեւորատար գնացքների միայն 83,6%-ը, իսկ տարեսկզբից այդ ցուցանիշը եղել է 87,4%: Bane Nor-ում ծրագրում են հասնելու ճշգրտության 90%-ի ցուցանիշի, որը չի արվել նաեւ 2022-ին: Գնացքների ուշ ժամանումներից ամենաշատը տուժում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն, որտեղ գնացքների միայն 72,6%-ն է այս տարի ժամանել ըստ ժամանակացույցի։
Ըստ Bane Nor-ի ներկայացուցիչ Քրիստինա Բոլստադ Պիկարդի՝ ընկերությունում անհանգստացած են, որ չեն կարողանում ապահովել ճշգրտության լավագույն ցուցանիշը: Նա նշել է, որ Նորվեգիայի երկաթուղային ցանցն այնքան հին ենթակառուցվածք է, որ մինչ իրենք կհասցնեն ցանցն արդիականացնել, այն շեշտակի անկում է ապրում: Ձգձգումների ամենատարածված պատճառներն են երթուղու ազդանշանային խափանումները, կոնտակտային ցանցին եւ բուն գնացքներին առնչվող խնդիրները:
Bane Nor-ում համարում են, որ գնացքը ժամանակին է հասել, եթե այն նշանակման վերջնական վայր է ժամանել հայտարարված ժամկետից ոչ ուշ, քան չորս րոպեի ընթացքում: Միջքաղաքային գնացքների համար այս ցուցանիշը վեց րոպեից փոքր-ինչ պակաս է: Ըստ նորվեգական օրենքի՝ ուղեւորներն իրավունք ունեն պահանջելու վերադարձնել տոմսի արժեքի 25%-ը, եթե գնացքը մեկ ժամից ավելի է ուշացել, կամ 50%-ը, եթե ուշացումն առնվազն երկու ժամ է տեւել։ Նորվեգացիներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջելու, եթե նույնիսկ ուշանալու պատճառով որեւէ հավելյալ ծախս չեն արել, ինչպես նաեւ եթե նրանց տեղափոխել են մեկ այլ գնացք կամ տեղափոխել են ավտոբուսով: