Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը «Թմրամիջոցների հիմնախնդիրը Հայաստանում. նոր մարտահրավերներ» թեմայով համաժողով էր կազմակերպել։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի արտահիվանդանոցային ծառայության ղեկավար Հարություն Սիմոնյանն իր ելույթում նշեց՝ հոգեխթանիչների գործածման հետեւանքով առաջանում են խանգարումներ, մասնավորապես՝ քնի պահանջի զգացողության ընկճում, էյֆորիա, առույգություն, հալյուցինացիա, հիշողության խանգարում, քաշի կորուստ, բերանի չորություն, ատամի էմալային շերտի ախտահարում, տրամադրության քրոնիկ խանգարում, դյուրագրգռություն, անհանգստություն, ագրեսիա, տագնապայնություն։
Հարություն Սիմոնյանը շեշտեց՝ 2005-2015 թվականներին մեթամֆետամինը դարձել է տարածված թմրամիջոց, որը հանգեցրել է այս թմրամիջոցի գերդոզավորմամբ պայմանավորված մահերի ավելացման։ Հարություն Սիմոնյանը հիշեցրեց՝ թմրանյութերը կործանում են ոչ միայն թմրանյութ օգտագործողի, այլեւ նրա ընտանիքի անդամների, հարազատների կյանքը, քանի որ թմրանյութերից կախվածություն ունեցողն իր վարքով բացասաբար է ազդում մյուսների վրա։ Թմրանյութի կարիքի դեպքում կախվածություն ունեցողը կարող է դիմել տարբեր քայլերի, այդ թվում՝ հանցագործությունների, որպեսզի կարողանա թմրանյութեր հայթայթել։ Ըստ մասնագետի՝ հասարակության շրջանում իրազեկումը շատ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուր ոք պետք է որոշակի գիտելիք ունենա թմրանյութերի մասին՝ հասկանալով, թե ինչ է սպասում թմրանյութեր օգտագործող, կախվածություն ունեցող մարդուն։
Հոգեբան Անուշ Ճենտերեճյանն անդրադարձավ թմրանյութերից կախվածություն ունեցողներին հոգեբանական աջակցություն տրամադրելու մոտեցումներին՝ ընդգծելով, որ երբեմն լինում են իրավիճակներ, երբ սերտիֆիկացում չունեցող հոգեբանը կախվածությունների համախտանիշներ ունեցողներին հավաքում է մի սենյակում, զրուցում են՝ ջանալով խմբային թերապիա անցկացնել, մինչդեռ հնարավոր է՝ այդ դեպքում բուժում ստացողներին դա վնասի, ոչ թե օգնի, քանի որ միայն հինգ եւ ավելի տարիների աշխատանքային փորձով սերտիֆիկացում ունեցող կլինիկական հոգեբանը կարող է խմբային թերապիաներ անցկացնել։ Հոգեբանը մանրամասնեց՝ տարբեր ախտորոշումների դեպքում կլինիկական հոգեբանի աշխատանքի մեթոդները տարբեր են։ Ըստ այդմ՝ ռեաբիլիտացիոն կամ կլինիկական բուժման ընթացքում եւս հոգեբանի աշխատանքի մոտեցումները տարբեր են, հետեւաբար բուժման տարբեր փուլերում գտնվող բուժառուներին չի կարելի մի սենյակում համախմբել ու զրուցել նրանց հետ՝ դա անվանելով խմբային թերապիա։
«Կան հոգեբաններ, որոնք կախվածություններ ունեցող բուժառուների հետ աշխատելու մասով մասնագիտացած չեն, եւ նրանք, ընդամենը մեկ-երկու տարվա աշխատանքային փորձ ունենալով, չեն կարող պատշաճ հոգեբանական աջակցություն տրամադրել կախվածություն ունեցողներին։ Այդպիսի մասնագետները կարող են այս ոլորտի վրա ստվեր գցել․ ընդ որում՝ այս ոլորտում կան փայլուն մասնագետներ, որոնք արդյունավետորեն աշխատում են»,- ասաց հոգեբանը։
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց՝ հատկապես վերջին տարիներին թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է․ բազմաթիվ դպրոցականներ թմրանյութեր են օգտագործում։ Դպրոցահասակները սովորաբար թմրանյութերը ձեռք են բերում համացանցի միջոցով։ Ըստ Նազինյանի՝ այս աղետալի միտումը կանխելու նպատակով հարկավոր է հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի վերաբերյալ առանձին առարկա ներառել, որի շրջանակում կուսումնասիրվի նաեւ թմրանյութերի կործանարար ազդեցությունը։ Մասնագետը կարծում է՝ թմրանյութերի ապօրինի օգտագործման եւ թմրաշրջանառության կանխարգելման միջոցառումները պետք է վերանայել։ Դեռահասների շրջանում թմրանյութերի վնասակարության վերաբերյալ նոր մոտեցումներ պետք է ներդրվեն՝ միջազգային ստանդարտներին համաձայն՝ հետեւելով զարգացած երկրների փորձին։ Մեր երկրում գործող հին մեխանիզմները չեն աշխատում։
«Ոստիկանները տարեկան մի քանի անգամ գնում են դպրոցներ ու դաս վարում՝ պատմելով թմրանյութերի վնասակարության մասին, բայց այս կերպ երեխան բավարար գիտելիքներ չի ստանում։ Հետեւաբար առողջ ապրելակերպի հանրակրթական ծրագիրը երեխաներին պետք է մատուցվի դեռ վաղ տարիքից, եւ այդ դասը պետք է վարի համապատասխան մասնագետը, որը հանրակրթության ոլորտում աշխատելու մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ ունի»,- ասաց Նազինյանը։
Հայաստանում բոլոր մաքսակետերը համալրված են նորագույն տեխնիկական միջոցներով, այդ թվում` ժամանակակից ներսադիտակներով եւ ճառագայթային զննում իրականացնող այնպիսի հզոր սարքավորումներով, որոնց օգնությամբ հնարավոր է տեսնել բեռնատարում առկա ամեն ինչ, անգամ եթե թաքստոցի պատերի հաստությունը 32 սանտիմետրից ավելի է։
Հայաստանի մաքսային կետերում կիրառվում է խիստ հսկողություն, անցկացվում են օպերատիվ-հետախուզական բազմաթիվ միջոցառումներ թմրամիջոցների տեղափոխումը ՀՀ սահմանով կանխելու եւ մաքսանենգության մեջ ներգրավված հանցավոր խմբերին հայտնաբերելու ուղղությամբ:
Թմրամիջոցների վերաբերյալ 2022 թվականի ազգային զեկույցը, որը մշակել է Առողջապահության ազգային ինստիտուտը, ներկայացնում է 2021 թվականի ընթացքում թմրամիջոցների եւ թմրանյութերից կախվածություն ունեցողների վերաբերյալ իրավիճակը Հայաստանում։ Զեկույցի կառուցվածքը համապատասխանեցվել է Թմրամիջոցների եւ թմրամիջոցների կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի առաջարկած ստանդարտներին:
Թմրամոլ են համարվում «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում «թմրամոլություն» ախտորոշում ստացած բոլոր անձինք։ Այս հիվնադությունն ախտորոշում է բժիշկ-թմրաբանը։
Բժշկական դիտարկմամբ հաստատված ռեմիսիան (լավացումը) թմրանյութերից կախվածություն ունեցողի՝ հինգ եւ ավելի տարիներ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չօգտագործելն է, ինչի վերաբերյալ առկա է բժշկական հետազոտությունների եւ բժշկական դիտարկման հիման վրա բժշկի ներկայացրած եզրակացությունը։ Այդ դեպքում «թմրամոլ» ախտորոշում ունեցողը դուրս է գալիս համապատասխան թմրանյութերից կախվածություն ունեցողների հաշվառումից։
Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու համար պատասխանատվություն է սահմանվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 442-րդ հոդվածով, որի համաձայն` առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Նույն օրենքի 44.1-ին հոդվածի համաձայն՝ մանր չափերով թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը սեփական կամքով հանձնող անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, 44.2-րդ հոդվածի համաձայն` թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ համապատասխան բուժհաստատություն բժշկական օգնություն ստանալու նպատակով կամովին դիմելու դեպքում առանց բժշկի նշանակման թմրամիջոց գործածող անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի Թմրամիջոցների վերաբերյալ զեկույցի՝ 2020 թվականի գնահատումների արդյունքները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում 284 միլիոն մարդ (15-64 տարեկան) օգտագործել է թմրամիջոցներ վերջին 12 ամսվա ընթացքում։ Վերջին տասնամյակների ընթացքում թմրամիջոցների շուկաներում առկա նյութերի բազմազանություն է դիտվել: Բացի տրադիցիոն բուսական նյութերից` կանեփից, կոկաինից եւ հերոինից, վերջին տասնամյակներում դիտվել է նաեւ սինթետիկ թմրամիջոցների դինամիկ շուկաների ընդլայնում եւ հոգեներգործուն դեղամիջոցների ոչ բժշկական օգտագործում: Հայաստանում շրջանառվում են բնական, սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցներ։
Թմրամիջոցների վերաբերյալ 2022 թվականի ազգային զեկույցի համաձայն՝ թմրանյութեր գործածողների թիվը տարեցտարի աճում է։ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական եւ վիճակագրական տվյալները մնում են խիստ աղքատիկ, քանի դեռ թմրամիջոցների վերաբերյալ հետազոտությունների ակտիվությունն անբավարար է, իսկ առկա տվյալներն արտացոլում են միայն իրավիճակի որոշակի, այլ ոչ թե համընդհանուր պատկերը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետության նարկոլոգիական ծառայություններում թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը եղել է 7570, 2020 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ՝ 7392:
2021-ին թվականի տվյալների համաձայն՝ թմրանյութերից կախվածություն ունեցող 7570 անձից 4694-ը հաշվառված է կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ (F12), 2868 անձ` ափիոնատիպ նյութեր (F11) եւ ընդամենը 8 անձ` կոկաին (F14) օգտագործելու կապակցությամբ:
Նարկոլոգիական ծառայությունների հաշվառված անձանց թվում թմրամիջոցներ գործածողների խմբում գերակշռում են 28-49 տարեկան անձինք՝ 4298 անձ (57,2%): 1537 անձ (20%) ներկայացնում է 19-27 տարեկանների խումբը, 1532 անձ (20,3%)՝ 50-64 տարեկանների խումբը, 189 անձ (2,3%)՝ 65 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց խումբը, 10 անձ (0,08%)՝ 18 տարեկանների խումբը եւ 4 անձ (0,08)՝ մինչեւ 18 տարեկանների խումբը:
Ի՞նչ ազդեցություն են ունենում թմրամիջոցները մարդու առողջության վրա
Թմրամիջոցներից կախվածությունը, որը կոչվում է նաեւ թմրամիջոցների օգտագործման խանգարում, հիվանդություն է, որն ազդում է մարդու ուղեղի եւ վարքի վրա՝ հանգեցնելով թմրամիջոցների օգտագործումը վերահսկելու անկարողության։ Թմրամիջոցներից կախվածություն ունեցողը կարող է շարունակել թմրանյութերի օգտագործումը՝ հաշվի չառնելով պատճառվող վնասակար հետեւանքները։
Թմրամիջոցներից կախվածությունը բնութագրվում է թմրամիջոցների որոնմամբ եւ օգտագործմամբ: Թմրամիջոցներ ընդունելու նախնական որոշումը մեծամասնության համար կամավոր ընտրություն է, սակայն թմրամիջոցների կրկնակի օգտագործումը կարող է հանգեցնել ուղեղի փոփոխությունների, որի պատճառով կախվածության մեջ գտնվող անձը կորցնում է ինքնատիրապետումը, չի կարողանում դիմակայել թմրամիջոցներ ընդունելու ուժեղ մղումներին։
Ուղեղի այս փոփոխությունները կարող են մշտական լինել, այդ իսկ պատճառով թմրամիջոցներից կախվածությունը համարվում է «կրկնվող» հիվանդություն, այսինքն՝ թմրամիջոցների օգտագործման խանգարումներից վերականգնվող մարդիկ թմրամիջոցների օգտագործմանը վերադառնալու մեծ ռիսկի են ենթարկվում նույնիսկ թմրամիջոց չընդունելուց տարիներ անց:
Թմրամիջոցներից կախվածությունն առաջացնում է ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական վիճակի խաթարում։ Կախվածության ֆիզիկական հետեւանքներն առավել ակնհայտ են դրսեւորվում՝ մաշկային հիվանդություններ, երակների վնասվածքներ, վիրուսային հիվանդություններ (հատկապես ՄԻԱՎ, հեպատիտ C), մկանային թուլություն, տեսքի վատթարացում, մարմնի ցավ, մղձավանջներ, սարսուռ, անկայուն նյարդային համակարգ։
Ո՞ր բուժհաստատություններն են տրամադրում նարկոլոգիական ծառայություններ
Հայաստանում նարկոլոգիական ծառայություններ մատուցելու արտոնագիր ունեցող բժշկական հաստատությունները տրամադրում են հիվանդների բժշկական օգնություն եւ սպասարկում, կատարում են բուժում ստացած եւ իրավապահ մարմինների որոշումներով նարկոլոգիական փորձաքննություն անցած, թմրամիջոցների գործածման փաստով հաշվառված քաղաքացիների բժշկական դիտարկում:
«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին: Մասնավորապես, մեթադոնային փոխարինող բուժումը ֆինանսավորում է Գլոբալ հիմնադրամը:
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք բուժօգնություն ստանալու նպատակով վճարում են այնքան, որքան նախատեսված է պետական պատվերով:
Հանրապետության տարածքում նարկոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրվում է հետեւյալ բուժհաստատություններում` ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում, Շիրակի մարզի «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, նարկոլոգիական ծառայությունն իրականացվում է տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կաբինետների միջոցով, որոնք կատարում են դիսպանսերային ծառայության գործառույթներ`միայն բժշկական դիտարկում եւ արտահիվանդանոցային բուժում:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում բոլոր բուժառուներին` անկախ տրամադրվող բուժման տեսակից եւ բուժման ռեժիմից, տրամադրվում է տարբեր մասնագետների` թերապեւտի, նյարդաբանի, հոգեբանի եւ սոցիալական աշխատողի խորհրդատվություն։
Ապօրինի թմրաշրջանառության ծավալները
2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների մաքսանենգություն) հայտնաբերվել է հանցագործության 420, 2020 թվականին՝ 222 դեպք: ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հատկանիշներով 2021-ին հայտնաբերվել է 445, 2020 թվականին՝ 341 հանցագործության դեպք: Նշված հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 2021 թվականին 382, 2020-ին՝ 322 անձ:
2021 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել եւ փորձաքննության են ներկայացվել տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ հոգեմետ նյութեր, պրեկուրսորներ, հոգեմետ նյութեր։
2021-ին իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 606 կգ-ից ավելի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իսկ 2022 թվականին՝ 119 կգ-ից ավելի։ 2023-ի առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 14 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Ապօրինի թմրաշրջանառության մի աղմկահարույց դեպք էլ գրանցվեց նախորդ ամիս։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության)։ Ապօրինի թմրաշրջանառության այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։