Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է, որ ուկրաինական զինուժը Դոնեցկի շրջանի Ռովնոպոլ գյուղը վերադարձրել է իր հսկողության տակ: Փոխնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Բախմուտի, Օրեխովո-Վասիլեւկայի, Բոգդանովկայի, Յագոդնիի, Կլեշչեեւկայի եւ Կուրդյումովկայի ուղղությամբ հակահարձակման է անցել եւ առաջխաղացում է արձանագրել։ Մալյարը հավելել է, որ ռուսական ուժերը Կուպյանսկի, Լիմանի եւ Մարյինկայի ուղղությամբ առաջ շարժվելու ապարդյուն փորձեր են արել։
Մեկնաբանելով իրավիճակը մարտի դաշտում՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման գլխավոր հարվածը դեռ չեն հասցրել, այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ըստ Ռեզնիկովի՝ ռուսական կողմը պաշտպանական հզոր գծեր է ստեղծել։ «Գլխավոր հարվածը հուժկու կլինի եւ Ուկրաինային կմոտեցնի հաղթանակին»,- հավելել է նախարարը։
The New York Times պարբերականը գրում է, որ Ուկրաինան ի վիճակի չեղավ օգտվելու «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի խռովությունից եւ մարտի դաշտում բեկում չմտցրեց: Հունիսի 24-ի իրադարձություններն, ըստ պարբերականի, միաժամանակ բացասական չազդեցին ռուսական զորքերի մարտունակության վրա։ Ընդ որում՝ դիտորդները բնական են համարում, որ Ուկրաինան ձգտում է իր օգտին օգտագործելու Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ «Ուկրաինան, անկասկած, կփորձի օգտվել Պրիգոժինի առաջացրած քաոսից»,- կանխատեսել են ռազմական փորձագետները։