Facebook-ը աշխարհի ղեկավարներին եւ քաղաքական գործիչներին բազմիցս թույլ է տվել օգտագործել իր հարթակը` խաբելու հասարակությանը կամ ոտնձգություններ կատարելու հակառակորդների նկատմամբ՝ անկախ անօրինականությունների մասին ահազանգող ապացույցներից:
Guardian-ը տեսել է ներքին փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Facebook-ը կառավարել քաղաքականապես մանիպուլյատիվ ավելի քան 30 դեպք 25 երկրներում:
Հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես է Facebook-ը թույլ տվել իր հարթակի խոշոր այնպիսի չարաշահումներ աղքատ, փոքր եւ ոչ արեւմտյան երկրներում, որոնք ազդեցություն ունեն ԱՄՆ-ի եւ այլ հարուստ երկրների վրա:
Facebook-ը խոստացավ պայքարել իր հարթակում քաղաքական մանիպուլյացիայի դեմ ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններից հետո, երբ ռուս գործակալներն օգտագործեցին կեղծ հաշիվներ՝ ամերիկացի ընտրողներին խաբելու եւ բաժանելու համար:
Բայց ընկերությունը երբեք ժամանակին գործողություններ չի ձեռնարկել, երբ նրան ներկայացվել են ապացույցներ, թե ինչպես են աշխարհի քաղաքական առաջնորդների կողմից օգտագործվել ֆեյսբուքյան գործիքներ մանիպուլյացիայի եւ չարաշահումների համար:
Facebook-ը 2020 թվականի սեպտեմբերին աշխատանքից հեռացրեց տվյալների մշակման մասնագետ Սոֆի Ժենգին: Աշխատանքային վերջին օրը նա հրապարակեց 7800 բառանոց հրաժեշտի գրառում՝ նկարագրելով, թե ինչպես է հայտնաբերել իրենց քաղաքացիներին ապակողմնորոշելու նպատակով օտարերկրյա կառավարությունների կողմից ՖԲ հարթակի օգտագործման կոպիտ ու լայնամասշտաբ չարաշահումների դեպքեր:
«Ես գիտեմ, որ ձեռքերս արյունոտ են»,- գրել էր նա: Գրառման մասին լուրն առաջին անգամ հաղորդել էր BuzzFeed News-ը սեպտեմբերին:
Ժենգը հույս է հայտնում, որ իր բացահայտումները Facebook-ին կստիպեն հաշվի առնել իր ազդեցությունն աշխարհի վրա:
«Ֆեյսբուքը չունի որեւէ ուժեղ խթան այս հարցով զբաղվելու համար՝ բացառությամբ այն մտավախության, որ ինչ-որ մեկը կարող է դա արտահոսել եւ մեծ աղմուկ բարձրացնել, ինչը ես եմ անում,- ասաց նա:- Կեղծ հաշիվների գործունեության ամբողջ իմաստն այն է, որ հնարավոր չէ դրանք գտնել: Դուք չեք կարող ինչ-որ բան շտկել, քանի դեռ չգիտեք, որ այն գոյություն ունի»:
Facebook-ի խոսնակ Լիզ Բուրժուան ասաց. «Մենք բացարձակ համամիտ չենք տիկին Ժենգի կողմից մեր առաջնահերթությունների բնութագրման եւ մեր հարթակում չարաշահումները արմատախիլ անելու մեր ջանքերի մասին արտահայտությունների հետ:
Մենք ագրեսիվորեն հետեւում ենք չարաշահումներին ամբողջ աշխարհում եւ ունենք մասնագիտացված հատուկ թիմեր, որոնք կենտրոնացած են այս աշխատանքի վրա: Արդյունքում մենք ոչնչացրել ենք համակարգված ոչ վավերական վարքի ավելի քան 100 ցանց: Դրանց կեսը կազմում էին ներքին ցանցերը, որոնք գործում էին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում ՝ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում:
Համակարգված ոչ վավերական վարքի դեմ պայքարը մեր առաջնահերթությունն է: Մենք նաեւ անդրադառնում ենք սպամի եւ կեղծ ներգրավվածության խնդիրներին: Մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր խնդիր նախքան գործողություններ ձեռնարկելը կամ դրանց վերաբերյալ հրապարակային պնդումներ ներկայացնելը»:
2.8 միլիարդ օգտատեր ունեցող Facebook-ը գերակշռող դեր է խաղում աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկրի քաղաքական խոսույթում: Բայց հարթակի ալգորիթմներն ու առանձնահատկությունները կարող են շահարկվել բանավեճը խեղաթյուրելու համար:
Դա անելու միջոցներից մեկը կեղծ «ներգրավվածություն» ստեղծելն է` հավանումներ (likes), մեկնաբանություններ, տարածումներ (shares) եւ արձագանքներ` օգտագործելով ոչ վավեր կամ վտանգված ֆեյսբուքյան հաշիվներ: Քաղաքական առաջնորդի ժողովրդականության մասին հասարակական ընկալումը ձեւավորելուց բացի՝ կեղծ ներգրավվածությունը կարող է ազդել Facebook-ի ամենակարեւոր նորությունների լրահոսի ալգորիթմի վրա:
Այդ խաղը հաջողությամբ իրականացնելով՝ ավելի մեծ արդյունքի կարելի է հասնել միլիոնավոր լսարան գրավելու համար, քան օդում գոռգոռալով:
Facebook-ը 2018-ի հունվարին Ժենգին վարձել էր աշխատելու մի թիմում, որը պետք է արմատախիլ աներ կեղծ ներգրավվածությունը: Նա պարզեց, որ կեղծերի ճնշող մեծամասնությունը հայտնվում է անհատների, ձեռնարկությունների կամ ապրանքանիշերի հաղորդագրությունների հաշիվներով, բայց դա օգտագործվում է նաեւ, ինչը Facebook-ն անվանում է «քաղաքացիական», այսինքն` քաղաքական թիրախներում:
Ամենաբացահայտ օրինակը Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսն էր, որը 2018-ի օգոստոսին ստանում էր երկրում հայտնի քաղաքացիական կեղծ ներգրավվածության 90%-ը:
2018-ի օգոստոսին Ժենգը ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Հերնանդեսի աշխատակազմը անմիջական մասնակցություն է ունեցել իր էջի պարունակությունը հարյուր հազարավոր կեղծ հավանումներով խթանելու արշավում:
Հերնանդեսի Facebook-ի պաշտոնական էջի կարգավարներից մեկը նաեւ կառավարում էր հարյուրավոր այլ էջեր, որոնք ստեղծվել էին օգտատիրոջ պրոֆիլներին նմանվելու համար: Աշխատակիցը օգտագործում էր կեղծ էջերը Հերնանդեսի գրառումներին կեղծ հավանումներ փոխանցելու համար:
Կեղծ ներգրավվածություն ձեռք բերելու այս մեթոդը, որը Ժենգը անվանում է «էջի չարաշահում», հնարավոր է դարձել Facebook-ի քաղաքականության սողանցքի պատճառով:
Սողանցքը բաց է մնացել պարտադիր կատարման բացակայության պատճառով, եւ պարզվում է, որ այն օգտագործվում է Ադրբեջանի իշխող կուսակցության կողմից` անկախ լրատվամիջոցների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների էջերում միլիոնավոր հետապնդող մեկնաբանություններ թողնելու համար:
Դեպքերը հատկապես մտահոգիչ էին այն առումով, որ ներգրավված էին քաղաքական առաջնորդներ: Հերնանդեսը վերընտրվեց 2017-ին մի մրցապայքարում, որը լայնորեն դիտվում է որպես կեղծիք: Նրա վարչակազմն աչքի է ընկել սանձարձակ կոռուպցիայով եւ մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերով: Ադրբեջանը միահեծան երկիր է՝ առանց մամուլի ազատության կամ ազատ ընտրությունների:
Հերնանդեսը չի արձագանքել իր մամուլի պատասխանատուին ուղարկված հարցումներին: Ադրբեջանի իշխող կուսակցությունը նույնպես չի պատասխանել դրանց: Հոնդուրասի ցանցը կազմաքանդելու համար Facebook-ից պահանջվեց մոտ մեկ տարի, իսկ ադրբեջանական արշավը հեռացնելու համար` 14 ամիս:
Երկու դեպքերում էլ Facebook-ը հետագայում թույլ տվեց, որ չարաշահումները կրկնվեն: Ընկերությունն ասում է, որ օգտագործում է ձեռքի եւ ավտոմատացված հայտնաբերման մեթոդներ՝ կոորդինացված ոչ վավերական վարքի (CIB- coordinated inauthentic behaviour) կիրառման դեպքերը վերահսկելու համար, եւ որ այն «շարունակաբար» հեռացնում է նախկինում հեռացված ցանցերին միացված հաշիվներն ու էջերը:
Ժենգը ներկայացրել է տասնյակ դեպքեր Facebook-ի առաջադրանքների կառավարման համակարգում ՝ թիմին նախազգուշացնելու կեղծ հաշիվների կամ էջերի ցանցերի մասին, որոնք խեղաթյուրում են քաղաքական դիսկուրսը, այդ թվում՝ Ալբանիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Իտալիայում, Ֆիլիպիններում, Աֆղանստանում, Հարավային Կորեայում, Լեհաստանում եւ Մոնղոլիայում:
Ժենգը պնդում է, որ Facebook-ը չափազանց դժկամությամբ է համաձայնում պատժել հզոր քաղաքական գործիչներին:
«Պատկերացրեք, բանկը հաջողությամբ թալանած մարդու պատիժը լինի միայն կողոպուտի գործիքներն առգրավելը, եւ ընդամենը մամուլում լինի հրապարակում, որում ասվում է. «Մենք բռնեցինք այս մարդուն բանկ թալանելիս»: Իհարկե, այդպես չի լինի,- ասում է Ժենգը:- Դա, ըստ էության, տեղի է ունենում Facebook-ում: Փաստորեն տեղի է ունեցել այն, որ բազմաթիվ պետությունների նախագահներ որոշում են կայացրել, որ այդ նվազ ռիսկն արդեն բավարար է այդ գործում ներգրավվելու համար: Փողերն արդեն ծախսվել են: Ինչ իմաստ ունի պատժելու, եթե հնարավոր չէ դրանք հետ վերցնել»:
The Guardian
Ապրիլի 13, 2021 թ.
Հեղինակ՝ Ջուլիա Քերի Վոնգ /Julia Carrie Wong San Francisco