Եթե նկատել եք, 88-ի Շարժման առաջնորդներից ոչ ոք նույնիսկ այսօր «Արցախ» անվանումը չի գործածում, նրանց բառապաշարում ամուր նստած է «Ղարաբաղը»։
Երբ 2006-ին քննարկվում էր Սահմանադրության նախագիծը, երկրի պաշտոնական անվանման շուրջ բուռն վեճեր ծավալվեցին։ Ի վերջո ընտրվեց փոխզիջումային տարբերակ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)»։ 2017 թվականի սահմանադրական փոփոխություններով Հանրապետությունն անվանվեց «Արցախի», փակագծերում գրվեց «ԼՂՀ»։ Ի՞նչ էր փոխվել տասը տարում։ Սկզբունքորեն՝ ոչինչ, եթե համապատկերից դուրս թողնենք 2016-ի ապրիլյան քառօրյան։
Բայց արժե՞ր փաստը եւ դրա պատճառահետեւանքային համատեքստը «չնկատելու» տալ եւ ընդունել սահմանադրություն, որ, ըստ էության, ակնհայտ մարտահրավեր էր հակամարտության կարգավորման՝ այսօր «լավագույն տարբերակ» գնահատվող «մադրիդյան սկզբունքներին» եւ առհասարակ միջազգային միջնորդության հայեցակարգին։
Անիմաստ հարցադրում է, որովհետեւ անցյալը պատկանում է իրեն՝ անցյալին։ Եվ այս դիտարկումները չէին արվի, եթե վերջին օրերին ադրբեջանական մամուլի «դրոշակակիր» եւ պետական քարոզչության խոսափող լրատվամիջոցը «անմեղ բացթողումներ» թույլ չտար։
Իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հերթական հայտարարության մի հատված haqqin.az-ը ներկայացրել էր այսպես․ «ԱԳՆ-ում հավելել են, որ ադրբեջանական կողմը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի վերաինտեգրի Հայաստանի բնակիչներին»։ Մինչդեռ պաշտոնական տեքստում խոսքը «Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրման» մասին էր։ Երբ այս տարբերության վրա ուշադրություն հրավիրեցի, ինձ հորդորեցին «դավադրապաշտության չտրվել» եւ համարեցին, որ դա «խմբագրական բացթողում է»։
Նույն լրատվամիջոցն այսօր արդեն գրում է, որ «ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ապրող Հայաստանի բնակիչներին պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը կիրականացվի Աղդամից», եւ անում ամենաինտրիգային շեշտադրումը․ «Արայիկ Հարությունյանի (Արցախի նախագահի) ընտանիքը վերադարձել է Հայաստան»։ Մի կողմ թողնենք ակնհայտ կեղծիքը․ Արայիկ Հարությունյանի ընտանիքը Ստեփանակերտում է։ Ադրբեջանական քարոզչության խարդախամտությունը «վերադարձել է Հայաստան» ձեւակերպման մեջ է։
Ըստ էության, դրանից հետեւում է, որ Արցախում «ապրում են Հայաստանի բնակիչներ» եւ «պետք է վերադառնան»։ Երբ Ալիեւը Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը գրեթե բոլոր ելույթներում կրկնում է եւ պահանջում, որ Հայաստանը փաստաթղթով ընդունի, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», ամենայն հավանականությամբ, նկատի է ունենում այն, ինչ շատ թափանցիկ ակնարկում է նրա քարոզչամեքենայի «լոկոմոտիվ» լրատվամիջոցը։
Կարծեմ 2010-ականների սկզբին էր, որ ԼՂՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիության մասին» օրինագիծը, որ կառավարությունը լրամշակման համար «ետ կանչեց» եւ այլեւս խորհրդարան չներկայացրեց։ Կարճ ժամանակ հետո այդ թեման այլեւս օրակարգային չէր։ Եթե «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ այդ կարգախոսը Նիկոլ Փաշինյանի ստեղծածը չէ, ապա ի՞նչ կարիք կա, որ արցախցին առանձին ինքնություն եւ, մանավանդ, քաղաքացիություն ունենա։ Այդպես էին մտածում Ստեփանակերտում եւ, իհարկե, Երեւանում։ Իսկ եթե դու մի երկրի քաղաքացի ես, բայց ապրում ես միջազգայնորեն այլ պետության պատկանող տարածքում, ուրեմն քեզ ի՞նչ է սպասում։
Ահա այս իրավիճակն է հասունացնում Իլհամ Ալիեւը։ Իսկ երբ անցյալ տարի զգուշացնում էինք, որ անթույլատրելի է օրենքով նույնացնել Ստեփանակերտի եւ Աղդամի կարգավիճակը, մեզ լսում էին վատ թաքցված քմծիծաղով։ «Լաչինը Հայաստա՞ն էր»,- հարցնում է ադրբեջանական խարդախամտությունը։ «Այսօր այնտեղ Ադրբեջանի սահմանա-մաքսային անցակե՞տ է»,- դիվային հրճվանքով շարունակում է Բաքուն եւ պատրաստվում «խփել վերջին մեխը»․
-Բարի՛ եղեք ընտրել՝ Հայաստանի քաղաքացի՞ ես՝ վերադարձիր քո պատմական հայրենիք։ Ուզո՞ւմ ես տանդ ապրել՝ ընդունիր Ադրբեջանի քաղաքացիություն։
Այս է։
Քաղաքական ինֆանտիլիզմի բումերանգը վերադառնում է։
Անհապաղ, անհետաձգելի քայլեր պիտի արվեն։ Առաջին հերթին՝ Ստեփանակերտում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։