EURACTIV պարբերականը գրում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ամենայն հավանականությամբ, եւս 1 տարի կմնա իր պաշտոնում: Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է՝ առաջին անգամ՝ եւս մեկ ամբողջական պաշտոնավարման ժամկետով, իսկ երկրորդ անգամ՝ 2022-ի մարտին, Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո:
2014-ի հոկտեմբերից այս պաշտոնը զբաղեցնող Յենս Ստոլտենբերգը լիազորությունները պետք է վայր դնի այս աշնանը, սակայն, ըստ ՆԱՏՕ-ի դիվանագետների, հունիսի 28-ին կարող է հայտարարվել նրա մանդատի երկարաձգման մասին: Նա բազմիցս հայտարարել է, որ ժամկետի ավարտից հետո կհեռանա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգին փոխարինելու համար շրջանառվում էին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի եւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի անունները, սակայն նրանցից ոչ մեկին առայժմ չի հաջողվել ստանալ ՆԱՏՕ-ի 31 անդամների գերակշռող աջակցությունը: Մրցավազքից դուրս գալու մասին առաջինը հայտարարել է Բեն Ուոլեսը The Economist-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ Վաշինգտոնը կցանկանար, որ Ստոլտենբերգը շարունակի պաշտոնավարումը: