ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975 թվականի քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոն:
Ավելի ուշ տեղի կունենա Միրզոյան-Բայրամով երկկողմ, այնուհետեւ՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումները: Բանակցությունների հիմնական թեման լինելու է խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվել էր ադրբեջանական կողմի խնդրանքով։