«Համայնքների խոշորացումը`որպես գաղափար, շատ լավն է, խնդիրն այն է, թե այն ինչպես է արվել մինչեւ հիմա ու ինչպես է արվելու»,- ասում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը:
Դեռ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովում հավանության արժանացած ու 2015 թվականին մեկնարկած համայնքների խոշորացման ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի առողջացումն էր։ Նվազ բնակչությամբ փոքր բնակավայրերը, որոնք չունեն ֆինանսական բավարար միջոցներ տեղական ինքնակառավարումն արդյունավետ կերպով իրականացնելու համար, շատ էին:
Ըստ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի» (2011)` մինչ խոշորացումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնցից 866-ը գյուղական էին, ու դրանց մեծ մասում բնակչությանը տրամադրվող ծառայությունների մեծ մասը կա՛մ իրականացվում էր ցածր մակարդակով, կա՛մ ընդհանրապես չէր իրականացվում: Համայնքների 48%-ը 1000-ից պակաս բնակչություն ուներ:
Հիմա` համայնքների խոշորացման ծրագրի մասնակի իրականացումից հետո, ՀՀ-ում նախկին 915-ի փոխարեն կա 502 համայնք, որոնցից 52-ը` խոշորացված:
Խոշորացված համայնքը տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորություններն ու ծառայություններն ամբողջովին իրականացնող, նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն ապահովելու համար բավարար բնական, մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ եւ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրերի խումբ է։
Բնակավայրերից մեկը, որն ավելի շատ բնակչություն ունի եւ հավասար հեռավորության վրա է մյուսներից, դառնում է տեղային կենտրոն: Ընտրվում են ընդհանուր ավագանի եւ մեկ ղեկավար: Համայնքների խոշորացման կարեւոր սկզբունքներից է ապակենտրոնացումը: Այն պետական կառավարման կենտրոնական մարմնի լիազորությունների փոխանցումն է վերջինիս ենթակայության տակ չգտնվող տեղական իշխանություններին կամ մասնավոր հատվածին։
Ըստ Վահան Մովսիսյանի՝ համայնքների խոշորացումից հետո աշխատակազմերն ուժեղացել են, ավագանին ավելի գործունյա է դարձել:
Մյուս կարեւոր սկզբունքը ռեսուրսների, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների միավորումն է: Այսինքն՝ միավորված համայնքի աշխատակազմը փոքրանում է, քչանում են աշխատակազմի պահպանման ծախսերը, եւ նախկինում դրա համար նախատեսված ֆինանսական միջոցներն այժմ ուղղվում են բնակչությանը ծառայություններ մատուցելուն: Մատուցվող ծառայություններից են սոցիալական աջակցության տրամադրումը, շինարարական նախագծերը, մշակութային, կրթական, մարզական ծրագրերը եւ այլն:
Համայնքապետների կարծիքով համայնքների խոշորացումը փոքր բնակավայրերի վրա դրական ազդեցություն ունի: «Մինչեւ համայնքների խոշորացումը փոքր բնակավայրերում որեւէ դրական զարգացում ու տեղաշարժ չի եղել, ֆինանսական միջոցները քիչ են եղել` 3-4 միլիոն դրամ, իսկ հիմա, օրինակ, Պետրովկա բնակավայրում 25 միլիոն դրամի ծրագիր ենք իրականացնում`փողոցային լուսավորության, մշակույթի տան, հանդիսությունների սրահի, ճանապարհների բարեկարգում։ Երեսուն տարվա մեջ այս բնակավայրը չի կարողացել այսպիսի բաներ անել»,- ասում է Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը:
Սարչապետ խոշորացված համայնքում ութ բնակավայր կա՝ Սարչապետ, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Գոգավան:
Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կարծիքով՝ խոշորացումից հետո համայնքի բնակավայրերում այնպիսի ծրագրեր են արվել, որ մինչ խոշորացումը եղած բյուջեով դրանց 5%-ն էլ չէր արվի: Պարոն Սահակյանի միակ դիտարկումն այն էր, որ լավ կլիներ՝ համայնքի համար նախատեսված տեխնիկան ի սկզբանե տային:
Արենի խոշորացված համայնքի կազմում են Արենի, Ագարակաձոր, Գնիշիկ, Չիվա, Աղավնաձոր, Ելփին, Ռինդ, Արփի եւ Խաչիկ բնակավայրերը: Վարչական տարածքում ընդգրկված է նաեւ Մոզրով գյուղական բնակավայրը:
Վահան Մովսիսյանը ծրագրի հաջողություններից մեկն էլ համարում է միջազգային կազմակերպությունների ներգրավումը։ Նրանք խոշորացված համայնքներում մեծ ներդրումներ են անում: «Տեխնիկայի պարկեր ստեղծվեցին. առաջ հնարավոր չէր, օրինակ, 30 համայնքից յուրաքանչյուրին ապահովել տեխնիկական պարկով` կոմբայն, տրակտոր եւ այլն, հիմա խոշորացված համայնքում դա կարելի է ունենալ»,- ասում է պարոն Մովսիսյանը:
Բացասական կողմերի մասին խոսելիս «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահն ասում է, որ դրանցից մեկը հոգեբանական է. առաջ ղեկավարությունը` լավ թե վատ, գյուղում էր, ու դա մարդկանց համար սփոփանք էր, իսկ հիմա մի քանի գյուղ այն կողմ է, ու այս դեպքում մարդկանց հետ ակտիվ շփում է պետք:
Համայնքների խոշորացման ծրագրի հետագա ընթացքի ու այն ավարտին հասցնելու համար շատ կարեւոր է Կառավարության դիրքորոշումը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ խոշորացման գործընթացը շարունակվելու է եւ ավարտվելու է 2021 թվականի աշնանը: Վերջնաժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց այդ ժամանակ է ավարտվելու համայնքապետների պաշտոնավարման հինգ տարին, եւ նոր ընտրություններ են տեղի ունենալու:
Համայնքների խոշորացման շնորհիվ կարելի է ակնկալել ավելի ժողովրդավար ընտրություններ. եթե մինչ այս տվյալ համայնքի ղեկավարին ընտրում էին այդ համայնքի բնակիչները, ու հնարավոր է, որ կլանային համակարգ ձեւավորվեր, այսինքն՝ ղեկավարումը կենտրոնանար մեկի ձեռքում ու փոխանցվեր նրա մտերիմներին, ապա այժմ դրա հավանականությունը փոքրանում է, քանի որ ընտրողները տարբեր բնակավայրերի բնակիչներ են: Բացի դրանից՝ ավագանու անդամների մեծ թիվը կարող է փոքրացնել համայնքի ղեկավարի ազդեցությունը ավագանու վրա՝ այն դարձնելով հակակշիռ:
Ներկայիս կորոնավիրուսային իրավիճակի պատճառով հնարավոր են ժամկետային փոփոխություններ, բայց ամեն դեպքում կա համոզվածություն, որ համայնքների խոշորացումը կշարունակվի, գուցե մոդելների փոփոխությամբ: