Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը` Ադրբեջանի իշխանություններին հորդորելով վերացնել «Լեռնային Ղարաբաղի շրջափակումը» եւ վերջ տալ «ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերից շրջափակել է ԼՂ-ն, այնուհետեւ այս տարվա հունիսի 15-ից դադարեցրել է ամեն տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտքաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Նշվում է, որ այդ ժամանակից ի վեր ԼՂ բնակիչներն ապավինում են ռուսական խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի մարդասիրական օգնությանը:
«Ներկայում ադրբեջանական զինուժը արգելափակել է մուտքը, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Հունիսի 26-ին Կարմիր խաչին թույլատրվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցները դեղերի եւ բժշկական պարագաների սուր պակաս ունեն։ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ վերջ տան ծավալվող հումանիտար ճգնաժամին»,- ասված է «Amnesty International»-ի հայտարարությունում: