Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Ղուրանի այրումը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ սադրիչ եւ չմտածված գործողություն է համարել։ Հունիսի 28-ին, երբ ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին կրոնական գլխավոր տոներից մեկը՝ Իդ ալ Ադհան (թյուրքական ժողովուրդների մոտ՝ Կուրբան Բայրամը), Ստոկհոլմի կենտրոնի հրապարակներից մեկում 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան Շվեդիայի ոստիկանության թույլտվությամբ պոկել է Ղուրանի էջերը եւ այրել։ Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը թեեւ օրինական է համարել, բայց ո՛չ տեղին։
Ըստ Քանաանիի՝ «սրբությունների պղծման կրկնությունը, հատկապես իսլամադավան համայնքի՝ ումմայի համար սուրբ օրերին, ինչպես նաեւ միլիոնավոր մուսուլմանների այցը ուխտագնացության՝ հաջի, սադրիչ, չմտածված եւ անընդունելի արարք է»։ Նա նշել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, ինչպես նաեւ մյուս մուսուլմաններն ու ազատամիտ մարդիկ ամբողջ աշխարհում չեն ընդունում նման վիրավորանքը եւ խստորեն դատապարտում են այդ գործողությունները։ Քանաանին Շվեդիայի կառավարությանը կոչ է արել ուշադրություն դարձնելու այս ակցիային եւ ապագայում նման գործողություններ թույլ չտալ։ Ղուրանի այրման ակցիան դատապարտել են նաեւ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Հորդանանի իշխանությունները։ Էր Ռիադում սուրբ գրքի այրումը համարել են «ռասիզմի դրսեւորում»։ Ամմանում ընդգծել են, որ այդ գործողությունները չպետք է հավասարեցվեն խոսքի եւ ինքնարտահայտման ազատության իրավունքի հետ։
2023-ի սկզբին Ստոկհոլմում Ղուրանն այրելու պատճառով դիվանագիտական սկանդալ բռնկվեց Թուրքիայի եւ Շվեդիայի միջեւ։ Դանիայի «Կոշտ կուրս» ծայրահեղական աջ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը թույլտվություն էր ստացել եւ հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրման ակցիա էր անցկացրել: Նա քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաեւ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկար էր ցուցադրել: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ստոկհոլմում հակաթուրքական այս եւ այլ ակցիաներից հետո Շվեդիան չպետք է սպասի, թե Անկարան կաջակցի նրա` ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։