Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասը եւ սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա առնչությամբ հայտարարություն են տարածել: Նշվում է, որ ադրբեջանական ուժերը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակել են Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչն առաջացրել է լուրջ մարդասիրական հետեւանքներ:
Կանադացի պատգամավորները շեշտել են, որ 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ: Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ ավելի են խորացրել ճգնաժամը: Հայտարարության հեղինակներն ահազանգում են, որ շատերի, նրանց թվում՝ երեխաների եւ մեծահասակների թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են: Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից:
«Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացումը: Կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալու Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացելու Լաչինի միջանցքը»,– ասված է հայտարարարությունում: