Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը՝ հուլիսի 7-ին, կազմակերպության անդամ 193 երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ-ի անդամակցության վերականգնման հարցը։ 2011-ին Միացյալ Նահանգները դադարեցրեց ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության ֆինանսավորումը, երբ Պաղեստինի ինքնավարությանը մշտական անդամի կարգավիճակ տրվեց:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք 2017-ին Վաշինգտոնը որոշեց ընդմիշտ դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից՝ կազմակերպությանը մեղադրելով «հակաիսրայելական քաղաքականության համար»։ Հինգ տարի անց Ջո Բայդենի վարչակազմը երկրի անդամակցությունը վերականգնելու հայտ ներկայացրեց՝ խոստանալով կատարել ավելի քան կես միլիոն դոլար ժամկետանց վճարումներ։