Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ին խնդրել է իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում` առավել եւս դիմում ենք ամբողջ ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք «Nuclear Sharing» ծրագրին»,- ասել է Մորավեցկին: Հայտնի է, որ «Nuclear Sharing» ծրագիրը ԱՄՆ-ին հնարավորություն է ընձեռում անհրաժեշտության դեպքում իր միջուկային զենքը փոխանցելու ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերին: Լեհաստանի վարչապետի համոզմամբ՝ միջուկային զենքը պետք է հնարավորինս արագ տեղակայվի Լեհաստանում։ «Դա, առաջին հերթին, պետք է լինի մեր ամերիկացի գործընկերների, ՆԱՏՕ-ի գործընկերների որոշումը»,- հավելել է Մորավեցկին։
Ամրապնդում են բանակը բելառուսական ուղղությամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ, ըստ «Ազատության», հունիսի 30-ին խորհրդակցություն է անցկացրել ռազմական ղեկավարության եւ ուժային կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ եւ կարգադրել է ամրապնդել բանակը բելառուսական ուղղությամբ: Ըստ վերլուծաբանների՝ Ուկրաինայի ղեկավարի այդ կարգադրությունը հավանաբար առնչվում է «Վագների» ձախողված հեղաշրջումից հետո մեծ թվով վագներականների՝ Բելառուս տեղափոխվելու գործարքի հետ: Պայմանավորվածությունը, որով «Վագները» դադարեցրել է ըմբոստությունը, համաձայնեցրել են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը: