Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունները բերման են ենթարկել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սոսոնյուկին բերման են ենթարկել ռուս քաղաքացուց իրավապահ համակարգի եւ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական բազաներում փակ բնույթի տեղեկություն պարունակող նյութեր ստանալու պահին:
ԱԴԾ-ն հավելել է, որ նման գործելաոճը համատեղելի չէ դիվանագետի կարգավիճակի հետ եւ արտահայտում է բացահայտ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ հյուպատոսն ունի 72 ժամ` Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու համար:
Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը հայտարարել է, որ Կիեւը կդիմի համարժեք քայլերի ընդդեմ Ուկրաինայում աշխատող ռուսաստանցի դիվանագետների։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է, որ Կիեւում ՌԴ դեսպանատան ավագ դիվանագետը 72 ժամում լքի Ուկրաինայի տարածքը: Հայտարարության մեջ նշվել է, որ որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին արտաքսելու՝ Մոսկվայի որոշմանն ի պատասխան:
Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության աշխատակցի դեմ առաջադրված մեղադրանքը հերյուրանք է որակվել: Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ ռուսաստանյան իշխանությունների գործողությունները խախտում են 1961-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայի եւ 1963-ին ընդունված՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթները:
Պաշտոնական Կիեւը նշել է, որ այդ քայլով ՌԴ-ն հաստատում է Ուկրաինայի հետ հարաբերությունների սրման որդեգրած քաղաքականությունը: