«Երեւանի 33-րդ՝ բոլորին հայտնի Ֆիրդուս թաղամասի բնակիչներս 17 տարի է՝ գերակա շահի գերի ենք դարձել։ Տների մի մասն արդեն քանդել են, քիչ-քիչ մոտենում են մեր տներին, ուզում են մերն էլ քանդել։ Ֆիրդուսին Երեւանի ամենահին թաղամասերից է։ Ուզում են քանդել, մարդկանց տներից հանել, թողնել դրսում կամ էլ շատ քիչ փոխհատուցում տալ, հետո մեր թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանները թանկ գնով վաճառել»,– ասում է թաղամասի բնակիչ Անահիտ Փխրիկյանը։
Ֆիրդուսի թաղամասի տեղում, ըստ նախագծի, պետք է կառուցվեն նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, բնակելի շենքեր, հյուրանոցներ: Կառավարությունը դեռ 2006 թվականից է Ֆիրդուսի թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ եւ կառուցապատման իրավունք տվել «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ին։ 2006 թվականին, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը կյանքի չկոչվեց, որի հետեւանքով բնակիչների մի մասը շարունակեց ապրել այդտեղ։ Ավելի ուշ՝ 2018-ին, թաղամասը դարձյալ որպես գերակա շահ ճանաչվեց։
«Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Էդուարդ Մելիքյանին։ Այժմ կառուցապատումն իրականացնում են Մելիքյանի ստեղծած նոր՝ 17 ընկերությունները, որոնք արդեն վաճառքի են հանել դեռ չկառուցված բնակարանները։
Թաղամասի բնակիչներն ասուլիս էին կազմակերպել՝ ջանալով հանրության եւ իշխանություննների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Մինչ այդ նրանք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, բողոքի ակցիաներ են կազմակերպել, դատարան են դիմել, բայց ապարդյուն։ Թաղամասի բնակիչներն ասում են՝ չեն հեռանա իրենց տներից՝ պնդելով, որ Կառավարությունն օտարման ծրագրով խախտում է սեփականատերերի իրավունքները։
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որն ասուլիսի բանախոսներից էր, ասաց՝ 2006-ին Ֆիրդուսի թաղամասում գտնվող հողերի մեկ քառակուսի մետրը վաճառել են 39000 դրամ կադաստրային արժեքով։ Այդ նույն տարածքում կառուցվող դեռեւս կիսակառույց բնակելի շենքի բնակարաններն արդեն վաճառքի են դրվել, եւ մեկ քառակուսի մետրը վաճառվում է սկսած 3500 դոլարից։
«Կառուցապատում իրականացնող բոլոր կազմակերպությունների ղեկավարը Էդուարդ Մելիքյանն է. տարբեր կազմակերպություններ են բացել, որ քաղաքացիներին գցեն դեսուդեն։ Քաղաքացիներն ինչքան էլ փորձում են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այդ պղտոր ջրում»,- ասաց Բաղդասարյանը։
Երեւանում պատմամշակութային արժեք համարվող շենքները քանդելու դեպքերը քիչ չեն։ «Արամի 9 հասցեն էլ են օտարել, քանդել․ այդ հասցեում Արամ Մանուկյանն է ապրել, այն պատմամշակութային արժեք է։ Համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի՝ չէր կարելի այդ տարածքը օտարել, բայց օտարել են, տանիքն էլ քանդել են։ Շենքի մեջ ծառ է աճում։ Այսպիսի ապօրինությունները քիչ չեն, բայց մեղավորները չեն պատժվում»,- պատմեց Սեդրակ Բաղդասարյանը։
Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռոբերտ Բաղիյանն ընտանիքի հետ վարձով է ապրում, քանի որ իրենց տունը քանդել են 2008-ին։ Մինչեւ 2014 թվականը Բաղիյանին ամեն ամիս բնակարանի վարձը փոխհատուցելու համար գումար են փոխանցել, հետո դադարեցրել են փոխհատուցումը։ Բաղիյանը պատմում է՝ 2008-ին պայմանագիր կնքեցին կառուցապատողի հետ։ Բնակիչներն իրենց սեփականության վկայականները տրամադրեցին կառուցապատողներին՝ պայմանագրի դիմաց։ Կառուցապատողն էլ պարտավորվեց 36 ամսում շենք կառուցել, այդ նորակառույցում բնակիչներին բնակարաններ հատկացնել։ 2023 թվականն է, բայց դեռ շենքի կառուցման աշխատանքները չեն ավարտվել, ավելին՝ նորակառույցում բնակարան ստանալու հույս արդեն չկա։
««Սիթի սենթըր» ՓԲԸ-ն, որը մեզ հետ պայմանագիր էր կնքել, հիմա բաժանվել է մասերի, եւ 17 նոր ընկերություն իրականացնում է կառուցապատումը։ Հիմա այդ նոր ՍՊԸ-ներից մեկն ասում է՝ ես «Սիթի սենթըր»-ից սա գնել եմ առանց պարտավորությունների, ես այստեղ որեւէ մեկին գույք տրամադրելու պարտավորություն չունեմ։ ՍՊԸ-ն ասում է՝ դա իմ լոդի՝ իմ կառուցած շենքի մեջ չի ընկնում, նոր կառուցվելիք շենքերի լոդում է ընկնում․․․ Մի խոսքով՝ մեր տների տեղում կառուցվող նորակառույցում մեզ բնակարան չեն հատկացնում»,- ասում է թաղամասի բնակիչ Ռոբերտ Բաղիյանը։
Բազմաթիվ պաշտոնյաների են դիմել, բայց բոլորն էլ միաբերան պատասխանել են՝ որեւէ կերպ չեն կարող օգնել։ Բաղիյանն ասում է՝ ստիպված են լինելու դիմել միջազգային ատյանների՝ արդարության հասնելու նպատակով։ Ֆիրդուսի թաղամասի բնակիչները պահանջում են, որ նախ իրենց ապահովեն բնակարաններով, հետո որոշեն մնացյալ բնակարանները վաճառել։ Ռոբերտ Բաղիյանի կարգավիճակում գտնվող մոտ 70 ընտանիք կա։ Բնակիչների հաշիվներին դեպոզիտային գումար չի փոխանցվել։ Նրանք ասում են՝ որպես փոխհատուցում տրամադրվող գումար ստանալը նախընտրելի տարբերակ չէ իրենց համար, քանի որ ուզում են իրենց թաղամասում, իրենց տների տեղում կառուցված նորակառույցում բնակարան ունենալ։
«Հիմա ո՛չ սեփականության վկայական ունենք, ո՛չ փոխհատուցում ենք ստացել․․․ Մենք այս թաղամասում ենք ծնվել ու ապրել մեր ապուպապերով։ Ուզում են Երեւանի կոլորիտը փչացնել, մի քանի մոնոլիտ սարքեն, որ որոշ մարդիկ էլ հարստանան։ Հերիք չէ՞ այդքան փողը, որ ունեք։ Մի կյանք ծախսեք, չի վերջանա»,- ասաց Ռոբերտ Բաղիյանը։
Թաղամասի բնակիչ Վլադիմիր Գսպոյանն էլ պատմեց՝ իրենց ընտանիքին որպես փոխհատուցում Արաբկիր վարչական շրջանում են բնակարան առաջարկել։
«Ասացին՝ նորակառույցում բնակարան կտան, դա չեղավ, հետո էլ Կոմիտասում՝ երաժիշտների շենքում, մի բնակարան առաջարկեցին։ Մեր տունը 100 մետր քառակուսի է, իսկ մեզ առաջարկվող բնակարանը՝ 90 մետր քառակուսի՝ այն էլ չվերանորոգված․․․ Ինչո՞ւ պիտի համաձայնենք Կենտրոնից գնալ այնտեղ եւ ավելի փոքր մակերեսով բնակարան ստանալ։ Պայքարելու ենք։ Այստեղ հարցը չլուծվի, համախմբվելու ենք, դիմելու ենք միջազգային ատյաններին»,- եզրափակեց Վլադիմիր Գսպոյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։