Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2231-րդ բանաձեւի Իրանի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ) դեռեւս լավագույն տարբերակն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ ԱՄՆ-ին հորդորել է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները եւ երկարաձգել Իրանի նավթի առեւտրին առնչվող բացառությունները։
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մի քանի տարիների ինտենսիվ բանակցությունների արդյունք էր միջուկային զենքի չտարածման եւ տարածաշրջանային անվտանգության ընդհանուր նպատակներին հասնելու համար, այնպես որ համաձայնագիրը շոշափելի տնտեսական օգուտներ բերի Իրանի ժողովրդին»,- նշել է Գուտերեշը։
«Համաձայնագրի ստորագրումից անցել է ութ տարի, եւ ես նախկինի պես վստահ եմ, որ այս համաձայնագիրը Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթն ապահովելու լավագույն տարբերակն է»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։