«Աշխարհը կորցրեց եւս մի լուսավոր միտք, անկոտրում կամք ու դրական էություն․․․ Լյովը լույս էր, որ այսուհետ մեր մեջ պիտի ապրի․․․ Հստակ ու ամուր արժեքներով, երազանքներով ու նպատակներով լցված մեր Լյովին եթե ընտրության հնարավորություն տային, համոզված եմ՝ միեւնույնն է, ընտրելու էր հերոսանալու ճանապարհը․․․ Լյովը անկաշկանդ էր, ջերմ, տեղով լույս էր, արեւ, ինչ-որ անբացատրելի հարազատություն էր տարածում։ Մշտական «մուննաթ» հայացքի տակ էնքան «ջիգյար էր»: «Չէէէ՜… էէէ՜, Նուռս, ես երբեք էսպես չեմ սիրահարվել,- ասում էր Լյովը՝ մեկ տարվա մեջ արդեն երրորդ անգամ,- էս մեկը ուրիշ ա, իրոք լուրջ ա»: Ու գիտեք, ես հավատում եմ, իրոք, Լյովը կարող էր էնքան սեր ունենալ ներսում, որ բոլորին էլ նույն «լուրջ» քանակությամբ հասներ․․․ Վերեւում մի աստղ ավելացավ, որ փայլում է բարությամբ, բայց լի է վրեժխնդրությամբ ու արդարության պահանջով։ Էդ աստղը կյանքի բոլոր մութ ուղիներում մեզ ուղեկից կդառնա»,- այսպես են նկարագրում Լեւոն Մկրտչյանին ընկերները։
Տասնիննամյա Լեւոն Մկրտչյանը ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգել է մորը՝ Արմինեին, շնչակտուր, վազքի ընթացքում է խոսել, ասել, որ զորավարժություններ են անում, անհանգստանալու ոչինչ չկա: Կարծել է՝ կվախենանք, չգիտենք, որ պատերազմ է սկսվել։ Գրեթե ամեն օր զանգել է, շատ կարճ են խոսել, երբեք չի ներկայացրել՝ ինչ իրավիճակ է այնտեղ, հանգստացրել է՝ ասելով, որ իրենք երրորդ գծում են, ապաստարաններում, անհանգստանալու ոչինչ չկա։ Հետո իմացանք, որ հենց սկզբից առաջնագծում է եղել, պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Վարանդա»,- պատմում է Լեւոնի հորաքույրը՝ Լիլիթ Մկրտչյանը։
Ավելի ուշ, երբ գտել են Լեւոնի մարտական ընկերներից մի քանիսին, նրանք պատմել են, որ երեք օր անընդմեջ հինգ զինվորներով մի բլուր՝ մի դիրք են պահել։ Լեւոնը աչքի է ընկել խիզախությամբ, մշտապես նա է առաջինը կրակ արձակել, հարձակվել, քաջալերել մյուսներին։
«Վերջին օրերն էին շատ խորհրդանշական․ նախավերջին օրը, երբ զանգել է մայրիկին, ասել է՝ «Ձեզ լավ նայեք, չտխրեք, դուք հերոս տղա ունեք, հետո եք լսելու իմ մասին ու հպարտանալու»։ Դեռ տեղյակ չենք՝ մասնավորապես ինչ հերոսության մասին էր խոսքը։ Լեւոնը անասելի համեստ էր, չէր սիրում շատ խոսել, պատմել, եթե այդպիսի բան է ասել, նշանակում է՝ լուրջ հիմքեր է ունեցել»,- պատմում է հորաքույրը։
Հարազատներին վերջին անգամ հոկտեմբերի 15-ին է զանգել, փորձել է տեղեկանալ բոլորից եւ խնդրել է նրանց փոխանցել, որ ինքը լավ է։
«Ծառայության ընթացքում Լեւոնը աննկարագրելի քաղցրությամբ էր «մամ ջան», «պապ ջան» ասում, տասնինը տարվա ընթացքում այդպիսի խորությամբ, ջերմությամբ չէր արտասանել այդ բառերը։ Ամեն զանգի հետ ավելի էինք ապշում, զարմանում, թե ոնց է հասունացել մեր որդին, ոնց է գնահատում հայրենիքը, ընտանիքը։ Այդպես էլ կարոտով կմնանք այդ ջերմությանը: Անհամբեր սպասում էինք, թե երբ բանակից կվերադառնա, եւ իրականում կլսենք այդ արտահայտությունները նույն քաղցրությամբ»,- վերհիշում է Լեւոնի հայրը՝ Վարդան Մկրտչյանը։
Դեկտեմբերի 12-ին հայտնաբերվել են Լեւոնի փաստաթղթերը եւ աճյունը, որը ուղարկվել է փորձաքննության, եւ հաստատվել է նրա ինքնությունը։
«Լյովի հետ շատ կապված էինք։ Առանձնահատուկ դեր է ունեցել մեզ համար, անասելի շատ էինք սիրում, մանուկ հասակում տիկնիկի պես պահում էինք նրան։ Ես մասնագիտությամբ պատմաբան եմ, Լեւոնն էլ էր ցանկանում պատմաբան դառնալ, միասին էինք պատմություն պարապում։ Մոտ մեկ տարի ամեն օր ժամերով զրուցում էինք զանազան թեմաներից, եւ ես ապշում էի նրա մտածողության խորության վրա. այնպիսի դատողություններ էր անում, թվում էր՝ մի ամբողջ կյանք է ապրել եւ այդպես հասունացել»,- պատմում է Լիլիթ Մկրտչյանը։
Լեւոնի կրտսեր եղբայր Ալբերտ Մկրտչյանը այսպես է հիշում նրան․ «Լեւոնն ինձ համար դարձավ մեկ այլ իդեալ, մեկ այլ Լեւոն։ Նա պարտավորեցրեց ապրել, արարել եւ վառ պահել իր եւ բոլոր ընկած մարտիկների հիշատակը։ Ամբողջ կյանքում տված նրա խորհուրդներից ամենակարևորն են եղել ուսման մեջ ձգտել միշտ դեպի բարձունքը եւ սիրել ու փայփայել ընտանիքը։ Անգամ պատերազմի օրերին, չնայած իր անձնական հոգսերին, չէր մոռանում ամեն զանգի վերջում նույն տողերը հիշեցնել։ Նա ինձ համար եղբոր ամենահասուն եւ կատարյալ տեսակն էր։ Կյանքիս ե՛ւ դժվար, ե՛ւ ուրախ օրերին միշտ կողքիս էր, ամենանվիրական խոսքերով եւ գործողություններով գոտեպնդում էր, մինչեւ համոզվեր, որ ամեն ինչ կարգին է»։
Լեւոնը առանձնահատուկ սեր է ունեցել հայրենիքի եւ բնության նկատմամբ։ Քոլեջում սովորելու տարիներին ցածր կուրսի ուսանողների համար տարբեր էքսկուրսիաներ է կազմակերպել։ Որպես զբոսավար՝ տարել է ուսանողներին Հայաստանի պատմամշակութային տարբեր հուշարձաններ, պատմել է, սովորեցրել, քննարկումներ կազմակերպել։ Այդ ամենը նրա տարերքն է եղել։ Մեր հերոսը նաեւ ակտիվ կամավորական գործունեություն է ծավալել «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ում։ Նրա մյուս տարերքը եղել է ֆուտբոլը: Թեև չի զբաղվել դրանով, բայց ճանաչել է բոլոր ֆուտբոլիստներին։ 2020 թվականին Լեւոնը ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ եւ ծառայությունը ավարտելուց հետո պատրաստվում էր գնալու երազանքի ճանապարհով։
«Միշտ մտածում եմ. Լեւոնը ցանկանում էր պատմություն սովորել, բայց ով կմտածեր, որ իր կյանքով է պատմություն գրելու եւ դառնալու պատմության անբաժան մասնիկը»,- ասում է Լեւոնի հորաքույրը։
Լեւոն Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
EduArmenia 2021 համահայկական Հայաստան-Արցախ-Սփյուռք կրթական աշխատաժողովը այս տարի նվիրված է լինելու Լեւոն Մկրտչյանի եւ նրա զինակից ընկերների հիշատակին։