«Տեսնում էի հորս ու մորս ցավն ու տանջանքը, գիտակցում, որ ապրելու միջոց չունենք, այդ պատճառով որոշեցի կարուձեւի իմ փոքր բիզնեսով օգնել ծնողներիս»,- պատմում է պատերազմի պատճառով տունը կորցրած եւ Արցախից տեղահանված քսանամյա Մարիամ Ավետիսյանը։ Նա Հադրութից է, տարիներ առաջ բժշկական սխալ միջամտության հետեւանքով կորցրել է լսելու ունակությունը՝ դարձել խուլուհամր: Չնայած դժվարություննեին՝ նա չի կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։ Փորձել է աշխատել տարբեր բնագավառներում, այդ թվում՝ որպես մոդել։
Ինչպես շատ արցախցիների, այնպես էլ Մարիամի ու նրա ընտանիքի հանգիստ ու խաղաղ օրերն ավարտվեցին․ պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Մարտական գործողությունների առաջին իսկ օրերից Մարիամի հայրը կամավորագրվել է եւ մեկնել առաջնագիծ, մայրն էլ, լինելով զինվորական, երեխաներին տեղափոխել է Երեւան՝ հյուրընկալի տանը բնակվելու, վերադարձել է Արցախ՝ կռվին մասնակցելու:
Մարիամը երկար ժամանակ ծնողներից տեղեկություն չի ունեցել, այնուհետեւ մայրը վերադարձել է Երեւան եւ երեխաների հետ տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղ: Տեղի ընտանիքներից մեկը երեք ամիս հյուրընկալել է նրանց: Հենց այդ օրերին էլ, փորձելով իր օրն ավելի արդյունավետ անցկացնել, Մարիամը սկսել է կարուձեւով զբաղվել: Կարուձեւի նկատմամբ սերը նրա մեջ դեռ մանկուց կար․ հայրը դերձակ է։ Սկզբում սրբիչներ է կարել եւ նվիրել այդ տան բնակիչներին ու հարեւաններին: «Գրեթե բոլորը գովասանքի խոսքեր էին ասում աշխատանքներիս մասին, մի օր էլ հարեւաններից մեկն ասաց, որ իր բարեկամը կարածս սրբիչը հավանել է եւ խնդրել, որ իր համար էլ կարեմ, աշխատանքիս դիմաց էլ պատրաստ է վճարելու։ Ահա այսպես էլ ստացա առաջին պատվերս, եւ իմ փոքրիկ բիզնեսը սկսելու գաղափար հղացավ մտքումս»,- նշում է Մարիամը:
Մարիամը չի մոռանում նաեւ իր բարերարներին, պատմում է, որ Աննա անունով մի աղջիկ է եկել իրեն տեսակցության եւ 20000 դրամի ներդրում է արել, ինչից Մարիամը ավելի է ոգեշնչվել եւ ջանասիրությամբ աշխատել է. սրբիչներից զատ՝ սկսել է նաեւ անկողնային հավաքածուներ եւ շարֆեր կարել: Նրա աշխատանքները հնարավոր է պատվիրել «Մարիամի ձեռագործ աշխատանքները՝ երազանքի ճանապարհին» ֆեյսբուքյան էջից:
Մարիամի ընտանիքը այժմ վարձով բնակվում է Առինջ գյուղում:
«Դժվար է համակերպվել, երբ ընդամենը ամիսներ առաջ ունեցել ես երեք տուն Արցախի տարբեր հատվածներում, այսօր բնակվում ես վարձով, իսկ լքված տանդ պատշգամբից թուրքն է լուսանկարներ անում»,- նշում է Մարիամը։
Մարիամի համար բարդ է բոլորովին անծանոթ տեղում նոր կյանք սկսել, սակայն թեւաթափ չի լինում։ Սկզբում պատվերներ շատ ուներ, հիմա գրեթե չունի, բայց «պատվիրատուների բանակ» ունենալու դեպքում հավատում է, որ այժմ արդեն Հայաստանում կստեղծի իրենց սեփական ու տաքուկ անկյունը: