Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։ Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ արտաքին գործերի գծով ավագ խորհրդական Օլիվիե Դեկոտինին 2023-ի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Ջորկաեֆը միաժամանակ տեղադրել է Ֆրանսիայի նախագահի հրամանի լուսանկարը։
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին եւս հուլիսի 10-ից սկսել է իր առաքելությունը։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարեւանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։