Հայկ Աթաբեկյանը հոկտեմբերի 5-ին պետք է արձակուրդ գար։ Ընտանիքի անդամները որոշել էին Հայկին անակնկալ անել․ չէին պատմել, որ եւս մեկ անգամ քեռի է դառնալու, եւ երբ տուն գար, պետք է զարմանար՝ տեսնելով նորածին աղջկան։ Սակայն Հայկը իմացել էր փոքրիկի ծնվելու լուրը, զանգել, զրուցել, մի փոքր էլ նեղացել էր՝ իրենից նման կարեւոր լուր էին թաքցրել։ Անակնկալ մատուցել չստացվեց․ Լիլիթը հիմա արդեն 6 ամսական է, իսկ քեռին այդպես էլ տուն չի եկել, չի տեսել զարմուհուն։ Հայկը զոհվել է Արցախյան վերջին պատերազմում։
«Կապույտ աչքերով եւ շեկ մազերով… այնքան սիրուն էր, ասես հրեշտակ լիներ»,- որդուն նկարագրում է Մարինե Աթաբեկյանը։
Մարինեն քառասուն տարեկան էր եւ արդեն վեց ամսական թոռնիկ ուներ, երբ ծնվեց Հայկը․ բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր։ Մայրը տղային դեռ մանկուց շատ է լուսանկարել, ասում է՝ մյուս հինգ երեխաները միասին այդքան նկար չունեն, ինչքան Հայկը։ Հիմա այդ նկարներն են մնացել տղայից։
«Ուրիշ էր, այնքան յուրահատուկ, անչափ բարի եւ կամեցող»,- ասում է մայրը։ Ներողություն է խնդրում, որ հուզված է եւ մտքերը չի կարողանում հստակ արտահայտել, բառերը դժվարությամբ են տրվում․ նոր է վերադարձել Եռաբլուրից։
Շատ աշխատասեր էր։ Դեռ դպրոցական տարիներին սկսել է փայտամշակման արտադրամասում աշխատել։ Տան համար բազմաթիվ իրեր էր գնել, այդ թվում՝ սառնարանը։
«Ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս համ ուրախանում եմ, հպարտանում, որ Հայկիս գնածն է, համ էլ աչքերս լցվում են»,-նշեց մայրը։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մի քանի ամիս գնացել է խոհարարական դասընթացների, բայց հասկանալով, որ իր համար չէ՝ կիսատ է թողել, վերադարձել փայտամշակման աշխատանքներին։
Բանակ է մեկնել «Ես եմ» ծրագրի շրջանակում, շատ բարձր տրամադրությամբ։ Նպատակ ուներ զորացրվելուց եւ նախատեսված գումարը ստանալուց հետո ծնողների համար սեփական տուն գնելու։
«Ես երեք տղա եմ ճանապարհել բանակ, բայց մենակ Հայկիս էի ուղեկցել զինկոմիսարիատ։ Չգիտեմ, թե ինչ էր մտքովս անցել։ Երեւի զգում էի»,- ասում է մայրը։
Մեկ տարի եւ երկու ամիս էր անցել Հայկի ծառայությունից, երբ սկսվեց պատերազմը։ Քանի որ «Ես եմ» ծրագրի մասնակից էր, նա ամեն ամիս տուն գալու հնարավորություն ուներ, բայց համաճարակով պայմանավորված՝ ընտանիքի անդամներին վերջին անգամ տեսել էր փետրվարին։
Մինչեւ հոկտեմբերի տասը Հայկը իր ջոկի հետ եղել է մարտական դիրքերում՝ «Մարտունի 3»-ում։ Հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ իրենց տեղափոխեն այլ վայր։ Թե ինչպես է եղել կամ ում պատճառով, մայրը չգիտի, բայց հոկտեմբերի 13-ին ջոկին տեղափոխել են Հադրութ, որը արդեն հանձնված է եղել։ 73 հոգանոց վաշտից 67-ը զոհվել են, իսկ 6-ը անհայտ կորած են։ Զոհվածների թվում է նաեւ Հայկը։
Տղան վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 9-ին։ Հարցրել է ընտանիքի բոլոր անդամներից՝ չմոռանալով ոչ մեկին։ Մայրն ասում է՝ շատ գաղտնապահ էր, ոչինչ չէր պատմում ռազմադաշտից։ Օրեր շարունակ զանգ չստանալով՝ ընտանիքը հոկտեմբերի 15-ից սկսել է փնտրել Հայկին։ Մասունքները գտել են ամիսներ անց՝ հունվարի 3-ին։
Մայրը չգիտի՝ ով է մեղավոր, բայց վստահ է, որ մեղավորը պատասխան է տալու իրենց երեխաների մահվան համար։
Արդեն երեք ամիս է անցել։ Մարինեն չի համակերպվում կորստի հետ։ Անհնար է։ Երբ մենակ է մնում, անընդհատ միացնում է «Մարտիկի երգը» (Թռչեի մտքով տուն), Հայկի սիրելի երգն էր, ու լաց է լինում՝ ցավը մեղմելու համար։ Չի կարողանում առանց արցունքների մտնել որդու ննջարան, չի հավատում, որ սենյակ մտնելով՝ տղային այլեւս չի տեսնելու, չի արթնացնելու քնից։ Ննջասենյակը հիմա «թանգարան է»․ ամենուրեք Հայկի նկարներն են։