Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը հայտնել է, որ հուլիսի11-ին Ադրբեջանն արգելել է Կարմիր Խաչի մուտքն Արցախ՝ նրանց մեղադրելով «ապօրինի ապրանքներ» տեղափոխելու եւ մաքսանենգության փորձի համար: Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչեւ քննության ավարտը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն այս քայլերով ուզում է չեղարկել միջազգային մեխանիզմներով երկխոսության հարցը։ Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ Բաքուն պատրաստ չէ միջազգայինների հետ երկխոսությանը, սակայն չի էլ ուզում այդ հարցն ուղղակի դուրս բերել օրակարգից, դրա համար կրկին փորձում է գետնի վրա փոխել իրողությունն ու այդ միջոցով հասնել այդ օրակարգի չեղարկմանը։
Փսրձագետը շեշտել է, որ եթե Ադրբեջանն Արցախում կարողանա հասնել պետական կառույցների վերացմանը, հանգիստ կարող է ասել, որ խնդիր չունի այնտեղ որեւէ մեկի հետ երկխոսություն ծավալելու։ «Այս առումով մինչեւ բրյուսելյան հանդիպումն ու դրանից հետոն աչքի է ընկնելու լարվածությամբ, հայկական երկու կողմն էլ պետք է բավարար զգոնություն դրսեւորեն, որովհետեւ հասկանալի է, որ Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի խորանում է»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է Ադրբեջանի հարցերով փորձագետը։