«Երեւանի սուպերմարկետներից մեկից տորթ էի գնել։ Ութամյա թոռնուհիս արդեն կերել էր, երբ տորթի մեջ բորբոս նկատեցինք։ Մոտ մեկ ժամ անց թոռնուհիս վատ զգաց, լուծ ու սրտխառնոց ուներ․ սննդային թունավորում էր։ Բարեբախտաբար, երեխան շատ ծանր չտարավ հիվանդությունը, մի քանի օրից կազդուրվեց»,- պատմում է տիկին Աստղիկը։
Նա տորթը տարել է սուպերմարկետ, որտեղ ներողություն են խնդրել, որ այն հնացած է եղել, ապա վերադարձրել են գումարը։ Ասել են՝ հավանաբար տորթն արտադրամասից սուպերմարկետ տեղափոխող ավտոմեքենայում ջերմաստիճանը տատանվել է, այդ պատճառով է փչացել։ Այս դեպքից հետո տիկին Աստղիկի ընտանիքի անդամները տորթ գնելիս, կտրելիս շատ ուշադիր են։ Համը փորձում են, հետո միայն թույլ տալիս, որ երեխան ուտի։
Սննդային թունավորումների վիճակագրությունը ցույց է տալիս՝ առավել խոցելի են 65 եւ բարձր տարիքի անձինք, մինչեւ հինգ տարեկան երեխաները, հղիները, այլ հիվանդությունների պատճառով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Աշխարհում սննդից թունավորվողների 40 տոկոսը երեխաներն են։ Տարեկան 125 հազար երեխա է մահանում սննդային թունավորումների պատճառով։
Սննդային թունավորման դեպքերի գերակշիռ մասը աղիքային ինֆեկցիաների պատճառով է, որոնց համար հիմք են դառնում մանրէները, բակտերիաները եւ մակաբույծները, որոնք սննդի միջոցով ներթափանցում են օրգանիզմ:
Աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառ առավել հաճախ դառնում են լավ չլվացված մրգերը եւ բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, աղտոտված խմելու ջուրը, ոչ ճիշտ ջերմային ռեժիմով պատրաստված ուտեստներն ու կեղտոտ ձեռքերը:
Սննդային թունավորումից հնարավորինս խուսափելու համար հարկավոր է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, կերակուր պատրաստելիս ապահովել մթերքի ճիշտ ջերմային մշակումը, սննդամթերքը պահպանել պատշաճ պայմաններում, հաճախակի լվանալ ձեռքերը, հոսող ջրով լավ լվանալ միրգն ու բանջարեղենը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ սննդային գործոնով պայմանավորված թունավորումներին բնորոշ է սեզոնայնությունը, ավելի շատ արձանագրվում են տարվա տաք եղանակին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների բազմացման եւ տարածման համար։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, մասնավորապես՝ հանրապետությունում աղիքային վարակների շուրջ 70%-ն արձանագրվում է մինչեւ 6 տարեկանների շրջանում։
2021 թվականին Հայաստանում գրանցվել է սննդային թունավորման 124 դեպք, որից տուժել է 850 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տրամադրած տվյալներով՝ 2021 թվականին գրանցվել է աղիքային ինֆեկցիայի կասկածի 18 դեպք. ընդհանուր առմամբ թունավորվել է 289 անձ, որից 64-ը՝ երեխա։
2022 թվականին գրանցվել է թունավորման յոթ դեպք։ Վեցի դեպքում թունավորվել է 40 անձ, որոնցից 17-ը՝ երեխա, իսկ մյուսի առնչությամբ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը թունավորվողների թիվը չի հստակեցրել, նշել է՝ էքսկուրսիա մեկնած սաներ եւ ծնողներ են թունավորվել։
2023 թվականի հունիսի դրությամբ գրանցվել է թունավորման հինգ դեպք. թունավորվել է 12 անձ, որոնցից 3-ը՝ երեխա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ շոգ եղանակին սննդային թունավորումների դեպքերն ավելանում են։ Բարձր ջերմաստիճանում սննդամթերքն ավելի արագ է փչանում։ Սնունդը պատշաճ պայմաններում չպահպանելու դեպքում կարող է թունավորման պատճառ դառնալ։
«Տեսչական մարմինը պարբերաբար հանրությանն իրազեկում է սննդամթերքի անվտանգության պահպանման անհրաժեշտ կանոնների մասին եւ հորդորում հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջներին»,- ասում է Արմեն Հայրապետյանը։
2023 թվականին սննդային թունավորման երկու դեպք է գրանցվել մանկապարտեզում, մեկը՝ Երեւանում, մյուսը՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Դպրոցներում սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել: Արմեն Հայրապետյանը վստահեցնում է՝ խախտումներ արձանագրած բոլոր տնտեսվարողներն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ենթարկվել են վարչական պատասխանատվության։
«Կրթական հաստատություններում սննդային թունավորումներից խուսափելու նպատակով ՍԱՏՄ-ը կատարում է պլանային եւ ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մանկապարտեզներում եւ նախակրթարաններում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով»,- նշում է Արմեն Հայրապետյանը։
Տեսչական մարմինը սննդամթերք արտադրող ընկերություններում իրականացնում է վերահսկողություն օրենքով սահմանված կարգով՝ տարեկան պլանային ստուգումներ եւ արտապլանային ստուգումներ քաղաքացիներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից ստացված դիմումների, բողոքների եւ ահազանգերի հիման վրա։
Ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքում վարչական իրավախախտումներ կատարած պատասխանատու անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության։
«Սննդային թունավորումներին բնորոշ են լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաեւ բարձր ջերմությամբ։ Կարող են լինել նաեւ գիտակցության մթագնում եւ կորուստ։ Նշված ախտանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ»,- հորդորում է Վարդանուշ Գրիգորյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։