ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Միլերը պարզաբանել է, որ երբ Վաշինգտոնն ասում է՝ խաղաղությունը մոտ է, նկատի ունի, որ բանակցող կողմերը զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։
«Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չլուծված։ Այնպես որ, կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը ։
Մեթյու Միլերը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հաջորդ բանակցություններին, պետքարտուղարության խոսնակը նշել է, որ առայժմ նման հանդիպում նախատեսված չէ։