Արցախում հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Ասկերանի իր տանը ձերբակալել են Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանին, նրա որդուն եւ քեռորդուն: Ըստ «Առավոտ» օրաթերթի՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։
Գեներալին ձերբակալել են դիմակավորված, ձեռքերը ոլորելով: Մինչ այդ Բալասանյանի տանը 40 րոպե խուզարկություն են արել։ Ձերբակալելուց հետո նրան տարել են ԱԱԾ, ներկայում նա դատախազությունում է։ 2023-ի փետրվարի 14–ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ էր հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում էր Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։
Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին հայտնել է նաեւ նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ Բալասանյանի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան։