ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են պատրաստվել Մեծ Հայրենականի Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթին:
Ստեփանակերտի օդանավակայանում մարզումներին մասնակցում է շուրջ 400 ռուս զինծառայող: Հանդիսավոր երթի փորձերին ներգրավված է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմող կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը:
Փորձերին մասնակցում են նաեւ Մարդասիրական արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների անձնակազմները:
Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021-ի մայիսի 9-ին, հանդիսավոր երթին կմասնակցի մինչեւ 10 ստորաբաժանում, յուրաքանչյուրում՝ մինչեւ 45 զինծառայող: