Ըստ Associated Press գործակալության՝ Ռուսաստանը մտադիր է տասնյակ բանտեր կառուցել՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական ուկրաինացիներին պահելու համար։ Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ պահվում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական բանտերի ցանցում ամբողջ Ռուսաստանում եւ նրա բռնակցված տարածքներում: Այնտեղ նրանք ենթարկվում են խոշտանգումների, հոգեբանական բռնության եւ նույնիսկ ստրկական աշխատանքի: Եվ Ռուսաստանը նախատեսում է կառուցել եւս մի քանի տասնյակ բանտեր:
Գործակալության թղթակիցները զրուցել են տասնյակ մարդկանց, նրանց թվում՝ 20 նախկին բանտարկյալների, ինչպես նաեւ նախկին ռազմագերիների, կալանքի տակ գտնվող ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիական անձանց ընտանիքների, ուկրաինական հետախուզության երկու աշխատակիցների եւ Ուկրաինայի կառավարության պաշտոնական բանակցողի հետ: Նրանց պատմությունները, ինչպես նաեւ արբանյակային պատկերները, սոցիալական ցանցերը, պետական փաստաթղթերը եւ Կարմիր խաչի տրամադրած նամակների պատճենները հաստատում են Ռուսաստանի կողմից ժնեւյան կոնվենցիաների խախտմամբ քաղաքացիական անձանց կալանավորման եւ վատ վերաբերմունքի լայնամասշտաբ համակարգը:
Գործակալության տվյալներով՝ դաժան վերաբերմունքը ներառում է կրկնակի էլեկտրահարումներ, գլխի եւ կողոսկրերի կոտրվածքների հանգեցնող ծեծ, ինչպես նաեւ խեղդամահության նմանակում: Միավորված ազգերի կազմակերպության հունիսի զեկույցում ասվում է, որ բանտարկյալների 91%-ը նկարագրել է խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը: Յուրաքանչյուր նախկին բանտարկյալ, ում հետ հարցազրույց է վերցրել Associated Press գործակալությունը, նշել է, որ խոշտանգումները մշտական երեւույթ են, եւ շատերը հայտնել են մահվան տեսարանների ականատես լինելու մասին: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը չի ընդունում, որ պահում է քաղաքացիական անձանց. «Որոշ բանտարկյալներ օգտագործվում են ստրկական աշխատանքի մեջ՝ խրամատներ փորելու ռուս զինվորների եւ զանգվածային գերեզմանների համար։ Գերիները ծառայում են նաեւ որպես ապագա սակարկությունների առարկա ռուս զինվորների փոխանակման համար, թեեւ միջազգային օրենսդրությունն արգելում է քաղաքացիական անձանց փոխանակել ռազմագերիների հետ: ՄԱԿ-ում նաեւ ապացույցներ կան, որ խաղաղ բնակիչներն առաջնագծերի մոտ օգտագործվում են որպես կենդանի վահան»,- նշված է հրապարակման մեջ։