Ըստ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հուլիսի 12-ին, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ Կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022-ի դեկտեմբերի 21-ին ընդունած որոշումը:
Այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաեւ ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Սույն որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022-ի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը, եւ Ադրբեջանն այն պետք է պարտադիր կատարի։