ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS News-ի Face the Nation-ի եթերում հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի «հացահատիկի գործարքը» երկարաձգելուց, մնացած աշխարհը կանդրադառնա դրան եւ կասի, որ Ռուսաստանը հրաժարվում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի երկրներին մատչելի գնով անհրաժեշտ սննդամթերքով ապահովելուց։
Սալիվանը հրաժարվել է Սեւծովյան նախաձեռնության ճակատագրի վերաբերյալ միանշանակ կանխատեսում անելուց. «Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա տարբեր դատողություններ է արել այս հարցի վերաբերյալ: Գուցե Ռուսաստանը դուրս գա համաձայնագրից, գուցեեւ երկարաձգի այն»։ Սալիվանը նշել է, որ գործարքը երկարաձգելուց հրաժարվելու համար Մոսկվան ստիպված կլինի ահռելի դիվանագիտական գին վճարել։ Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Վաշինգտոնը զգուշացրել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի եւ այս հարցում սերտորեն համագործակցում է ուկրաինական կողմի հետ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հացահատիկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները փաստացի դադարեցվել են։ Նա հավելել է, որ ռուսական կողմն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ պայմանների՝ ՌԴ-ին վերաբերող մասը կատարվի։
Ցորենի գինը բարձրացել է ավելի քան 3%-ով
«Հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է: Բորսայի տվյալներով՝ Երեւանի ժամանակով 13:01-ի դրությամբ ցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչեւ 6,82 դոլար: Երեւանի ժամանակով 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միեւնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023-ի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչեւ 5,26 դոլարի: