ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են եւ քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի եւ Երեւանի հաշտեցման գործընթացը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական եւ անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը շեշտվել է, որ հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների առնչությամբ ընդգծվել է, որ ՌԴ-ն միշտ հարգանքով է վերաբերվել եւ վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն եւ տառին։ Միեւնույն ժամանակ դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը:
Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկնաբանումը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա», ինչը, Բաքվի պնդմամբ, տեղ է գտել ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարությունում, չի համապատասխանում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բայրամովը նշել է, թե, իբր, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին պնդումները «խեղաթյուրում են իրականությունը»։ Բայրամովը նաեւ պնդել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է եւ ուղղված է «հակաօրինական գործունեության կանխարգելմանն ու թափանցիկության ապահովմանը»: Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» անցած շաբաթ արված առաջարկը: