Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական դուման, հուլիսի 18-ին երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է զինվորական կոչումներ ունեցող որոշ քաղաքացիների պարագայում պահեստազորայինի տարիքը հինգ տարով բարձրացնելու օրենքը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նախագիծն անցյալ տարվա նոյեմբերին մի խումբ պատգամավորների միջոցով քննարկման է ներկայացրել Դումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Նոր օրենքով սպայական եւ միջնակարգ զինծառայողների կոչումներ ունեցողների համար առաջին կարգին պատկանող պատասխանատու անձանց տարիքային շեմը 35-ից բարձրացվում է 40, երկրորդ կարգի համար՝ 45-50, երրորդ կարգի համար՝ 50-55 տարեկանի։ Ըստ այդմ՝ ավելացվում է նաեւ մոբիլիզացիոն ռեզերվում պահեստի զինծառայողների գտնվելու տարիքային շեմը։ Ավագ սպայական կոչում ունեցողների համար այն կլինի 65 (այսօր շատ դեպքերում այն 60 տարի է), զինվորական կոչում ունեցող կրտսեր սպաների համար՝ 60 (այսօր՝ 55 տարի է), իսկ այլ կոչում ունեցողների համար՝ 55 տարի (այսօր 45 է): Ավագ սպաների զինվորական կոչում ունեցող պահեստազորի քաղաքացիների զորահավաքային ռեզերվում գտնվելու շեմը մնում է 70 տարեկանը։
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2024-ի հունվարի 1-ից։ Օրենքով կսահմանվի անցումային շրջան մինչեւ 2028-ի հունվարի 1-ը, որպեսզի ռեզերվում հաշվառված քաղաքացիները փուլ առ փուլ անցնեն թոշակի։