Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արեւելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնելու զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ եւ Ղրիմում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին ապրիլի 16-ին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ տեսակապով նրանց միացավ Մերկելը:
Անցած ամռանը ձեռք բերված հրադադարի ռեժիմը խախտվել է, եւ 2021-ի սկզբից ի վեր առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել:
Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնելու քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձեւաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: 2015-ից Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են ուկրաինական հակամարտությունում: