Հայաստանն անկախության տարիներին թեեւ Թուրքիայի հետ դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ ու համագործակցություն չի ունեցել, չհաշված առանձին հարցերի շուրջ եզակի շփումները, եղել է մի ոլորտ, որտեղ հայ եւ թուրք պաշտոնյաներն ամեն տարի ու տարին մոտ 50 անգամ հանդիպել եւ համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Դա արվել է հայ-թուրքական սահմանին գտնվող Արաքսի եւ Ախուրյանի ջրամբարի ջրերը համատեղ օգտագործելու համար:
Ախուրյան գետի, հետագայում՝ նաեւ Ախուրյանի ջրամբարի ջրօգտագործումը տեղի է ունենում Թուրքիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով` 50/50 սկզբունքով: ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ այսօր երկու երկրները շարունակում են «համագործակցել» այդ համաձայնագրով, քանի որ անկախ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն միմյանց հետ:
Ախուրյանի ջրամբարի շինարարության մասին համաձայնագիրը ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին՝ երկկողմ հանձնաժողովի կողմից։ Ջրամբարը՝ 525 մլն խմ ընդհանուր ծավալով, շահագործման հանձնվել է 1982 թվականին: Նաեւ ներհոսքը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր կողմ ամեն տարի իրավունք ունի վերցնելու մոտ 350 մլն խմ ջուր: Եթե, իհարկե, այդքան լցվի:
Հայաստանի տարածքում Ախուրյանի ջրամբարից ոռոգվում է Շիրակի եւ Արմավիրի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Դա կազմում է Հայաստանում ոռոգվող ընդհանուր հողատարածքների 25 տոկոսը: Հայկական կողմում Ախուրյանից ջրաչափությունը տեղի է ունենում չորս տեղանքում՝ Հայկաձոր, Թալին, Երվանդաշատ, եւ Սուրմալու-Սարդարապատ հատվածներում:
Ախուրյանի ջրամբարի հսկողությունն իրականացվել եւ իրականացվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ջրաչափության հարցերով համատեղ հանձնաժողովի միջոցով:
Հայկական կողմից հանձնաժողովի համանախագահը Էդուարդ Սարգսյանն է, որը Ջրային կոմիտեի կազմում «Ջրառ» ՓԲԸ-ի փոխտնօրենն է:
«Տարվա մեջ հանդիպում ենք 50 անգամ: Ամիսը մի քանի անգամ հանդիպում ենք ջրաչափերի ցուցմունքը ճշտելու համար: Տարվա մեջ տասը անգամ էլ հանձնաժողովի նախագահների մակարդակով ենք հանդիպում: Հանդիպումների կեսը անցկացնում ենք Հայաստանում, կեսը`Թուրքիայում: Բոլոր հանդիպումներն արձանագրվում են, նշվում են տեղը, ժամը, տեւողությունը` երբ սկսվեց եւ երբ ավարտվեց»,- ասում է Սարգսյանը:
Հանդիպման համար երկու կողմում էլ կան հատուկ շինություններ եւ աշխատանքային պայմաններ: Հանդիպմանը մասնակցում են նաեւ ռուս սահմանապահները: Սահմանը հսկում են ռուս սահմանապահները: Մեր կողմից հաղորդակցման լեզուն ռուսերենն է, շփվում են թարգմանիչների միջոցով: Արձանագրությունները կազմվում են ռուսերեն եւ թուրքերեն:
Էդուարդ Սարգսյանը, որն արդեն երկու տասնամյակ է, ինչ հանձնաժողովի համանախագահ է, ասում է՝ հանդիպումների ժամանակ փորձում են չխոսել քաղաքականությունից, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններից:
«Ես ասում եմ, եթե մեջը ջուր չկա, ես էդ թեմայից չեմ խոսում: Իհարկե, մեր հանդիպումները շատ սառը չեն անցնում, կատակում ենք, անեկդոտներ ենք պատմում: Բայց երբեմն չի հաջողվում խուսափել քաղաքական կամ պատմական հարցերից: Մենք որոշակի ծրագրեր ենք առաջարկում նույն ջրի ոլորտից, օրինակ՝ խորհրդային տարիներին ծրագիր կար, որ Սուրմալուի մոտ էլ համատեղ ջրամբար կառուցենք: Բայց ԽՍՀՄ-ը քանդվեց, ծրագիրն իրականություն չդարձավ:
Ասում ենք՝ եկեք հիմա կառուցենք, պատասխանում են, որ դա իրենց իրավասությունների մեջ չէ, պետք է վերեւներում համաձայնեն: Իսկ վերեւներում չեն համաձայնում, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Մի քանի անգամ էլ ես նրանց հրավիրել եմ Մատենադարան: Ցույց տվեցի մեր պատմական, մշակութային արժեքները. զարմացել էին: Հին քարտեզներից մեկի վրա իրենց երկիրն էին փնտրում: Հարցրին՝ բա Թուրքիան ուր է: Ասացի՝ դուք էդ ժամանակ պետություն չունեիք: Թվաց, թե զարմացան, բայց իրենք լավ էլ ամեն ինչ գիտեն»,- պատմում է Սարգսյանը:
Ախուրյանի ջրամբարի անմիջապես հարեւանությամբ է Շիրակի մարզի Մարալիկ խոշորացված համայնքի կազմում գտնվող Ջրափի վարչական տարածքը, որը նախկնում առանձին փոքր գյուղ էր: Վարչական տարածքի ղեկավար Կամո Սարգսյանն ասում է, որ իրենց հողերի մեծ մասը հենց սահմանին է: Եվ երբ գյուղատնտեսական տարին բացվում է, իրենց գյուղացիները հատուկ անցագրեր պետք է ստանան, որ կարողանան մտնել իրենց հողերն ու մշակել: Հողերը ոռոգվում են Ախուրյան գետից:
Ինչ վերաբերում է ջրամբարին, ապա վերջին տարիներին այն կանգնել է ջրի ծավալների նվազման վտանգի առաջ: Նախ Թուրքիան իր կողմում նոր ջրամբարներ է կառուցել, եւ այն ջուրը, որը պետք է լցվեր Ախուրյան, ու երկու կողմերը հավասարապես օգտագործեին, հիմա ինքը ամբարում է իր տարածքում: Կամո Սարգսյանն ասում է, որ Կարս գետի վրա Թուրքիան կառուցել է մոտ 180 մլն խմ տարողությամբ ջրամբար եւ այս տարվանից ջուրը կուտակում է այնտեղ: Եթե այդ ջրամբարը լցվի եւ ավելանա, ավելցուկը հոսի Ախուրյան, այդ ջուրը կարող են օգտագործել՝ իհարկե, նորից 50/50 չափաբաժնով:
Ջրամբարները լցվում են գարնանը, օգտագործվում մինչեւ աշուն: Այս տարի Ախուրյանի ջրամբարը կիսադատարկ է մնացել, եւ մեր հողօգտագործողները խնդիր են ունենալու: «Այս տարի շատ հետ ենք, կեսն էլ չի լցվել, տարածաշրջանում ձյունը քիչ էր, թուրքերը հազիվ իրենց 180 մլն խմ-ը լցրեցին, եթե այդքան էլ գար, կունենայինք 350 մլն խմ: Այս տարի ամենաշատը կլցվի 100–130 մլն խմ: Հինգ տարի առաջ՝ մինչեւ այդ ջրամբարը, մենք լիարժեք ջուր էինք ունենում»,- ասում է նա:
Ախուրյանի ջրամբարն այլեւս դժվար թե ամբողջությամբ լցվի, Թուրքիան չի թողնում. մի քանի ջրամբար է կառուցել իր տարածքում` Արաքսին մոտ, եւ ջուրը կուտակում է այնտեղ: Հայաստանը, հակառակը, գոնե ավարտին չի հասցրել դեռեւս խորհրդային տարիներից կիսակառույց Կապսի ջրամբարը, որ մեր սարերի ջուրը չհոսի Արաքսն ու չհեռանա մեր երկրից:
Թուրքիայի կառուցած, Հայաստանի ծրագրած, բայց չկառուցած ջրամբարներին եւ ընդհանրապես երկու երկրներում առկա ջրի խնդրին կանդրադառնանք այս թեմայով մեր հաջորդ հրապարակմամբ:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։