Henley & Partners խորհրդատվական ընկերության հուլիսի 18-ին հրապարակած անձնագրային ինդեքսում 2023-ի երրորդ եռամսյակում առաջատարը Սինգապուրն է, որը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ շրջանցել է Ճապոնիային։ Գերմանիան Իսպանիայի եւ Իտալիայի հետ միասին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս երեք երկրների անձնագրերը հնարավորություն են ընձեռում առանց վիզայի (մուտքի թույլտվության) կամ պարզեցված այցելություններ կատարել 190 պետություն եւ տարածք։
Երրորդ տեղը կիսել են յոթ երկրներ՝ Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան (առանց վիզայի՝ 189 ուղղություններ): Չորրորդ հորիզոնականում են հայտնվել Մեծ Բրիտանիան, Դանիան, Իռլանդիան եւ Նիդերլանդները (առանց վիզայի՝ 188 ուղղություններ): 5-րդ հորիզոնականում հայտնված Բելգիայի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Չեխիայի եւ Շվեցարիայի քաղաքացիներն առանց վիզայի հնարավոություն ունեն այցելություններ կատարելու 187 պետություն եւ տարածք:
49-րդ հորիզոնականում հայտնված Ռուսաստանի քաղաքացին առանց վիզայի կարող է մեկնել 115 ուղղություններով: Ադրբեջանը Ուգանդայի հետ հայտնվել են 72-րդ հորիզոնականում (առանց վիզայի 69 ուղղություններ): Այս եռամսյակում Henley & Partners-ի ինդեքսում 74-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հնարավորություն է ընձեռում առանց վիզայի կամ պարզեցված այցելություններ կատարել 66 պետություն եւ տարածք։ 103-րդ հորիզոնականում հայտնված Աֆղանստանն իր քաղաքացիներին իրավունք է վերապահում առանց վիզայի մուտք գործելու 27 պետություն եւ տարածք:
Քաղաքացիություն՝ տվյալ երկրի տնտեսության մեջ զգալի ներդրման համար
Henley & Partners-ը 25 տարի շարունակ օգնում է մասնավոր հաճախորդներին ամբողջ աշխարհում ստանալ բնակության իրավունք եւ քաղաքացիություն՝ ներդրումների միջոցով պետական պաշտոնական ծրագրերի միջոցով: Ներդրումների միջոցով քաղաքացիություն հասկացությունը ընկերությունը ստեղծել է 1990-ականներին: Այն ոչ միայն խորհուրդ է տալիս մասնավոր հաճախորդներին երկրի ընտրության եւ ներդրումային քաղաքացիության եւ կացության թույլտվության ծրագրերի վերաբերյալ, այլեւ հանդես է գալիս որպես խորհրդատու աշխարհի կառավարությունների համար ներդրումային քաղաքացիության ծրագրերի մշակման եւ իրագործման առումով: Henley & Partners-ը ներգրավել է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհի տնտեսություններում: Ներկայում մի քանի պետություններ ներդրողներին առաջարկում են քաղաքացիություն ստանալ երկրի տնտեսության մեջ զգալի ներդրման համար (օրինակ՝ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ավստրիան, Մալթան եւ Թուրքիան):
Մեթոդաբանությունը
Միջազգային խորհրդատվական Henley & Partners ընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հետ համատեղ կազմած անձնագրերի ինդեքսն արտացոլում է քաղաքացիության հիման վրա առանց վիզայի ճանապարհորդության ազատությունը: Փորձագետները վերլուծում են վիզաների կանոնակարգերը ավելի քան 200 երկրների եւ տարածքների համար: Երկրի դիրքը վարկանիշում որոշվում է այն նահանգների թվով, որտեղ նրա քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի նախնական մշակման կամ մուտքի արտոնագրով: 2018-ից անձնագրային ինդեքսը թարմացնում է եռամսյակը մեկ։ Ցուցանիշը հաշվի է առնում միայն ընդհանուր անձնագրերը եւ չի ներառում ծառայողական եւ դիվանագիտական անձնագրերը, ինչպես նաեւ այլ ճանապարհորդական փաստաթղթեր (ժամանակավոր անձնագրերը, նավաստի անձնագիրը եւ այլն): Ցուցանիշը հաշվի չի առնում ընդունող երկրի պահանջները բուն անձնագրային փաստաթղթին (դատարկ էջերի առկայություն, վավերականության ժամկետ եւ այլն), անձնագրի տիրոջ սեռը, միջոցների առկայությունը եւ հետադարձ տոմսերը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը