Գերմանիայում քննարկում է ծավալվում Գերմանիայի հիմնական օրենքում ամրագրված ապաստանի անհատական իրավունքի վերացման շուրջ։ Ըստ Գերմանիայի Հիմնական օրենքի 16ա հոդվածի առաջին պարբերության՝ «Քաղաքական հալածյալներն օգտվում են ապաստանի իրավունքից» («Politisch Verfolgte genießen Asylrecht»): Չնայած Գերմանիայի սահմանադրության այս հոդվածում բազմաթիվ լրացումներին` հիմնական՝ յուրաքանչյուր ապաստանի դիմումի անհատական քննարկման սկզբունքը մնացել է անփոփոխ: Նման կանոնները կիրառվում են ամբողջ Եվրամիությունում: Սա նշանակում է, որ ցանկացած մարդ, ում հաջողվում է հայտնվել Գերմանիայի տարածքում, բավական է գերմանացի ոստիկանին կամ սահմանապահին ասի «Asyl» բառը, եւ կհայտնվի իր ապաստանի խնդրանքի գնահատման բավական երկարատեւ ընթացակարգում։ Միանշանակ չէ, սակայն, որ այս հնարավորությունը կշարունակվի ապագայում։
Այդ կախարդական բառը` «Asyl»
«Կախարդական» գերմաներեն բառի համբավը վաղուց է տարածվել աշխարհով մեկ։ Եվ աշխարհի տարբեր երկրներում դա բնավ չեն օգտագործում միայն «քաղաքական հետապնդումների ենթարկված անձինք»։ «Ասիլ» բառը մուտքի տոմս է դարձել տարբեր երկրներից տասնյակ, եթե ոչ հարյուրհազարավոր անօրինական ներգաղթյալների համար, ովքեր Գերմանիայում կամ ԵՄ այլ երկրներում ոչ թե պաշտպանություն են փնտրում քաղաքական ճնշումներից, այլ պարզապես ավելի բարեկեցիկ կյանք։ Ամենայն հավանականությամբ, հենց այս ոլորտում զանգվածային չարաշահումներն են դրդել Բունդեսթագի ընդդիմադիր պահպանողական CDU խմբակցության ղեկավար Թորսթեն Ֆրեյին հանդես գալու անհատական ապաստանի իրավունքը վերացնելու առաջարկով։
Անշուշտ, Ֆրեյը դա հիմնավորում է ոչ թե չարաշահումներով, այլ բուն սկզբունքի թերությամբ, որն, ըստ իր տեսանկյունի, ոտնահարում է ամենաքիչ պաշտպանված եւ չունեւոր փախստականների՝ տարեցների, կանանց եւ հաշմանդամների իրավունքները։ «Նրանք, ովքեր չեն կարող նման դժվարին եւ վտանգավոր ճանապարհորդություն կատարել դեպի Եվրոպա, շանս էլ չունեն իրագործելու ապաստան ստանալու իրենց հնարավոր իրավունքը,- ասում է Ֆրայը:- Նրանց փոխարեն առավելություն է տրվում ԵՄ անցնելու համար մաքսանենգներին 10 հազար եվրո վճարելու ունակ երիտասարդ, ուժեղ, առողջ եւ հարուստ մարդիկ: Տորստեն Ֆրեյն առաջարկում է սկզբունքորեն այլ մոտեցում՝ ապաստանի անհատական իրավունքը փոխարինել այդ երկրներից հեռացած մարդկանց համար՝ Եվրոպայում պաշտպանության իրավունքի տրամադրման համակարգով: Դրանով, կարծում է նա, Եվրամիությունը կարող է երրորդ երկրներից իր տարածք տեղափոխել տարեկան առավելապես պաշտպանության կարիք ունեցող 300-400 հազար մարդու, բաշխել դրանք ԵՄ երկրների միջեւ՝ ըստ սահմանված քվոտաների։
Կառավարությունը չի մտածում ապաստանի իրավունքը վերացնելու մասին
Հարկ է նշել, որ միայն Գերմանիայում 2022-ին ապաստանի խնդրանքով դիմել է մոտ 218 հազար, իսկ 2023-ի առաջին կիսամյակում՝ ավելի քան 160 հազար մարդ։ Այս ցուցանիշով, այդ թվում՝ մեկ շնչի հաշվով, Գերմանիան «առաջատար» է ԵՄ-ում, ընդ որում՝ մեծ տարբերությամբ։ Եվ սա չհաշված մոտ մեկ միլիոն փախստական Ուկրաինայից, ովքեր այստեղ պաշտպանություն են ստանում առանց ապաստան խնդրելու։
Թերեւս, Գերմանիայի կառավարությունը որոշ նկատառումներ ունի երկրում ապաստան տարամադրելու անհատական իրավունքի վերացման վերաբերյալ: Ի վերջո, իշխող կուսակցությունները պահպանողականների հետ հեշտությամբ կարող են Բունդեսթագում հավաքել Հիմնական օրենքը փոխելու համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը։
Ո՞ւմ (չ)են արտաքսում Գերմանիայից
Անցած տարեվերջին Գերմանիայում ավելի քան 300 հազար անօրինական ներգաղթյալ կար, որոնց ապաստանի դիմումները մերժվել էին եւ, փաստորեն, ենթակա էին արտաքսման։ Հերալդ Քնաուսը Գերմանիայի կառավարությանը թախանձագին կոչ է անում վերընթերցելու սեփական կոալիցիոն համաձայնագիրը, որում իշխող կուսակցությունները պարտավորվել են արդյունավետ միջոցներ ձեռնարկել երկիր անօրինական ներգաղթը զսպելու համար:
ԱԳՆ խոսնակ Մեհմեդ Աթան իր հերթին հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն իր առջեւ նպատակ է դրել նվազեցնելու չկարգավորվող ներգաղթը եւ ուժեղացնելու օրինական ներգաղթը եւ այդ առումով միջոցառումներ է ձեռնարկում ռեադմիսիայի՝ անօրինական ներգաղթյալներին մշտական բնակության երկիր վերադարձնելու ծրագիրը մեծացնելու համար։ «Կենտրոնական կառավարությունը,- հավելել է ԱԳՆ խոսնակը,- աջակցում է տեղական իշխանություններին միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է լուրջ հանցագործություններ կատարած ներգաղթյալներին եւ պոտենցիալ ահաբեկիչներին երկրից արտաքսելուն»:
Ընդհանուր առմամբ, 2022-ին Գերմանիայից արտաքսվել է 12 հազար 945 անօրինական ներգաղթյալ։ Նրանցից առնվազն 2425-ը եղել են դատապարտված հանցագործներ։ Բայց դրա վերաբերյալ ստույգ տվյալներ չկան։ Ո՛չ Ռայնլանդ-Պֆալթում, ո՛չ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, որտեղ արտաքսման ենթակաների թիվն ամենամեծն է, նման վիճակագրություն առհասարակ չի արվում։
Deutsche Welle, 19 հուլիսի
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը