ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ավիացիայի միջոցով մատակարարումների հնարավորությունը, հայտարարել է, որ առանձին երկրներ եւ միջազգային կառույցներ մշակում են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու տարբերակները: Ընդ որում, նա չի հստակեցրել հնարավոր երթուղին։ Դիտարկմանը, թե Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչերին ու պահանջներին Ադրբեջանից արձագանք չկա, Զախարովան նշել է, որ Մոսկվան բոլոր կողմերի հետ աշխատում է ոչ միայն հրապարակային հարթությունում:
ՀԱՊԿ-ը սահմանին կնպաստեր իրավիճակի կայունացմանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կնպաստեր իրավիճակի կայունացմանը։ «Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ։ Միեւնույն ժամանակ, կազմակերպության առաքելության ծավալումը Հայաստանում նշանակալի ներդրում կունենար հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում։ Դե, գնդակը հայկական կողմում է»,- շեշտել է Զախարովան։
Խաղաղապահների գործունեության պահանջարկն է՛լ ավելի մեծ է
Մարիա Զախարովան միաժամանակ մեկնաբանել է 2025-ին Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս գալու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: «Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը կողմ չէ: Հենց այդ փաստաթղթի հիման վրա է ԼՂ հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորախումբը։ Հենց այդ փաստաթղթում են նշված ինչպես զորախմբի տեղակայման ժամկետները, այնպես էլ դրա՝ եւս հինգ տարով հնարավոր երկարաձգման պայմանները»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ ներկայիս լարվածության պայմաններում խաղաղապահների գործունեության պահանջարկն է՛լ ավելի մեծ է։ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը բխում է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այդպես էլ տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից։