ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետեւանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, եւ գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Կառավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն ուղարկել խորհրդարան՝ վավերացման:
Ըստ Վորոբյովի՝ դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է։ Նա հույս է հայտնել, որ ՌԴ-ի հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ «Կոչ ենք անում մեր դաշնակիցներին եւս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրելու Հռոմի ստատուտին միանալու հետեւանքները եւ գնահատելու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող հնարավոր ռիսկերը: Ես այդ դեպքում դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։
Ավելի ուշ Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան՝ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն: ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: Արշակյանն ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Միջազգային դատարանի ընդունած որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ: