Ֆեյսբուքում այս օրերին փորձում են հասկանալ, թե ինչ կապ ունեն ռուսները տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական դիրքերի ուժեղացման հետ, եւ ինչով է զբաղված Հայաստանն այդ նույն ժամանակ:
- ՖԲ օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է. «Քանի կար, պրոպագանդում էին, թե սա Ադրբեջանի ու Թուրքիայի հարց չի, այլ Ռուսաստանի։ Որ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն ուղղակի ու անուղղակի կերպով հրահրվել ու պլանավորվել են ռուսների կողմից։ Հիմա այդ նույն մարդիկ հայտարարում են, թե մենք որքան էլ բողոքենք ռուսներից, այնուամենայնիվ, թուրքերն ու ադրբեջանցիներն են ցանկանում ռուսներին վռնդել տարածաշրջանից։ Ավելին, որ ռուսներն իրենք իրենց են ցանկանում վռնդել։ Էս մարդկանց համար բոլորը ապուշ են։ Միակ խելոքներն իրենք են, դրա համար էս օրին ենք։ Քաղաքական միտքն ուղղակի ոչնչացված ա»։
- Արմեն Մկրտչյանը կարծես թե իրար է կապում Ղարաբաղի համար Շառլ Միշելի ակնարկած փրկությունը Աղդամից եւ Փաշինյանի «հայկական շահը». «Ինչպե՞ս է ստացվում, որ դու իբրեւ հայկական շահն ես «սպասարկում» բանակցությունների ժամանակ, բայց Շառլ Միշելը հայտարարում է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կարեւորելով կարեւորում է նաեւ Աղդամից մատակարարումները Բաքվի կողմից, իսկ «ռազմագերիներ» բառի օգտագործման փոխարեն կիրառում է «ձերբակալվածներ» բառը»։
- Կարեն Միրզոյանը վերջապես գտել է Ղարաբաղում ռուսական զինուժի ներկայության իմաստը. «Ռուսական զինուժի ներկայության իմաստն ու նպատակը Արցախը փափուկ մեթոդներով ադրբեջանական տիրապետության ներքո բերելն է։ Համենայն դեպս, առայժմ»։
- Ռուսներին Հայաստանից դուրս մղելու մասին Սուրեն Սուրենյանցը գրում է առանց տարակուսանքի: Նա հիշում է, թե ինչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿ-ի զորքերի մասին մի քանի օր առաջ. «Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»:
Այնուհետեւ Սուրենյանցը եզրակացնում է, որ «Փաշինյանը խորամանկում է կամ դիմում է «կրուտիտի»: Ինչո՞ւ:
«Նախ՝ այդ «անկախ փորձագետներ»-ը հենց իր կողմից ուղղորդվող հաստիքային արեւմտամետներն են: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ուղղակի հող է նախապատրաստում իր քաղաքականության հնարավոր հետեւանքի համար: Ավելի պարզ՝ այն, ինչ այսօր Փաշինյանը բանակցում է Վաշինգտոնում կամ Բրյուսելում, ոչ թե խաղաղության, այլ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման մասին է»: