Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի հատել է Վրաստանի սահմանը։ Նրանցից շուրջ 112 հազարը ներկայում հաստատվել են Վրաստանում։ Ներգաղթի այս ալիքը հանգեցրել է նաեւ ռուսական եւ անգլիական դպրոցների ավելացմանը։
Ըստ jam news-ի՝ Վրաստանում կա 54 դպրոց, որտեղ կարելի է կրթություն ստանալ ռուսերենով։ Դրանցից 11-ն ամբողջությամբ ռուսախոս են, մնացած 43-ում վրացալեզու բաժնի հետ մեկտեղ կա նաեւ ռուսալեզու բաժին։ Դպրոցներից 36-ը պետական են, 7-ը՝ մասնավոր։ Այս բոլոր դպրոցների 80%-ը բաշխված է քաղաքներում, իսկ 45%-ը կենտրոնացված է Թբիլիսիում։ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության տվյալներով՝ 2022-2023 ուսումնական տարում Վրաստանի մասնավոր եւ պետական դպրոցներում ռուսերենով սովորել է 16 հազար 228 երեխա։ Սա 2020-ի համեմատ 15%-ով ավելի է։ «Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր պետական եւ պաշտոնապես գրանցված մասնավոր դպրոցներում որեւէ հիմնարար փոփոխություն դեռեւս չի եղել։ Աճ, իհարկե, կա, բայց դա չնչին է։ Եվ այդ աճը նկատվում է գրեթե միայն Թբիլիսիում եւ Բաթումում»,- նշել է Վրաստանի քաղաքացիական ինտեգրման եւ ազգամիջյան կապերի կենտրոնի ղեկավար Շալվա Տաբատաձեն։
Ըստ կրթության մասնագետ Լելա Չախայայի՝ Վրաստանում մեկ երեխայի համար բազային վաուչերային ֆինանսավորումը տարեկան 300 լարի (մոտ 116 դոլար) է։ Սա կրթությանը հատկացվող նվազագույն գումարն է, որը ստանում են բացարձակապես բոլոր երեխաները, այդ թվում՝ մասնավոր դպրոցների աշակերտները։ Սակայն հանրակրթական դպրոցների աշակերտների դեպքում նվազագույն փաթեթին ավելացվում է եւս մեկ գումար, որը կախված է տարբեր հանգամանքներից՝ որտեղ է գտնվում դպրոցը, ինչ չափի է այն, քանի երեխա է սովորում, վրացախոս է, թե ոչ, լեռնային տեղանքում է գտնվում, թե քաղաքում եւ այլն։ Մասնավորապես, հանքարդյունաբերության փոքր դպրոցների աշակերտները հիմնական 300 լարիի վաուչերից ավելի շատ գումար են ստանում, քան քաղաքային խոշոր դպրոցների աշակերտները:
«Դժվար է հստակ ասել, թե յուրաքանչյուր ուսանողի համար որքան բյուջե է հատկացվում։ Այնուամենայնիվ, շատ կոպիտ հաշվարկով կարելի է ենթադրել, որ Վրաստանի հանրակրթական դպրոցի յուրաքանչյուր աշակերտին հատկացվող պետական ֆինանսավորումը տատանվում է 700-1000 լարիի (մոտ 272-388 դոլար) սահմաններում»,- ասում է Չախայան։ Նույնը վերաբերում է ցանկացած օտարերկրյա պետության քաղաքացիներին: Վրաստանի օրենսդրությամբ՝ օտարերկրյա պետության ցանկացած քաղաքացի իրավունք ունի սովորելու հանրակրթական դպրոցում, եւ նրա համար վաուչերի գումարը հատկացվում է նույն սկզբունքով, ինչ Վրաստանի քաղաքացուն։