1945 թվականի հուլիսին Գառնի գյուղի գերեզմանոցում Մարտիրոս Սարյանը հայտնաբերում է մի սրբատաշ քար՝ հունական արձանագրությամբ: Պարզվում է՝ դա Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» մեջ հիշատակվող Տրդատ Առաջին թագավորի՝ հայերեն բառերով, բայց հելլենական գրերով արված արձանագրությունն է. «Արեւ. Տրդատ Արքա Մեծն Հայաստանի»:
«Գյուղի գերեզմանատուն էի եկել էտյուդ անելու, նստեցի հանգստանալու այս քարի վրա: Պատահմամբ շոշափեցի քարի այն երեսը, որ հպված էր կողքի շիրմաքարին, անհարթություններ կային, գյուղի տղաները քարը շուռ տվեցին, ու բացվեց դրա արձանագրությունը»,- գրում է Սարյանը: Գառնիի ամրոցի ու տաճարի կառուցման վրա լույս սփռող արձանագրությունը Մարտիրոս Սարյանի գիտական մեծ հայտնագործություններից էր: Այն, որ քարը Գառնիի ամրոցից այդտեղ էր փոխադրվել ու օգտագործվել որպես շիրմաքար, մտահոգության առիթ էր Սարյանի համար:
1945 թվականին նկարիչը նամակ է ուղղում Հովսեփ Օրբելուն համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձանի ուսումնասիրության ու պահպանության, վերականգնման համար դրամական միջոցներ տրամադրելու խնդրանքով: Նամակում ընթերցում ենք «Գառնիի գործը պետք է դնել այնպիսի մի բարձունքի վրա, որ պետության բոլոր կապիտալ ներդրումները ոչ միայն հետ բերվեն, եւ արված աշխատանքները ոչ միայն պատիվ բերեն խորհրդային գիտությանը, այլեւ Գառնին իր մշտական եկամուտներով կարողանա ինքն իրեն պահել»: Նրա նամակների շնորհիվ ձևավորվում է մասնագիտական խումբ, որը հետագայում ուսումնասիրում եւ վերականգնում է Գառնիի հեթանոսական տաճարը: Բայց Սարյանն այդպես էլ չի տեսնում վերականգնված Գառնին:
Հայկական հուշարձանների պահպանության խնդիրը մշտապես եղել է նկարչի ուշադրության կենտրոնում, սրա մասին փաստում են վավերագրերը, նամակները, հոդվածները, որոնք հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ ներկայացվեցին նկարչի տուն-թանգարանում:
1914 թվականին Մոսկվայի Լազարյան ճեմարանի հովանու ներքո մի խումբ հայ նշանավոր գործիչներ՝ Ալ.Մյասնիկյանը, Հ. Գեւորգյանը, Գ. Յակուլովը, Ա. Բուդաղյանը, ստեղծում են «Հայկական հուշարձանների պաշտպանության ու պահպանության» կոմիտե: Մարտիրոս Սարյանն այդ կոմիտեի հիմնադիրներից ու ակտիվ գործիչներից էր: Հուշարձանների պահպանության ընկերության անդրանիկ ժողովը պետք է կայանար 1915-ի ապրիլի 24-ին։ Իրականությունը հայ մտավորականների ծրագրերում ուղղումներ մտցրեց:
«Նա գործեց, գրեց, դիմեց, բողոքեց թե՛ հայ ժողովրդի բարեկամ, թե՛ թշնամի երկրների համապատասխան ատյաններին՝ անհետաձգելի համարելով հայկական հուշարձանների պահպանության գործը, լինեին դրանք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի թե Ռուսաստանի տարածքում»,- ասում է թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:
Նկարչի շնորհիվ փրկվեց Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցին, որը Անիից տեղափոխված հայերը կառուցել էին 18-րդ դարում: Հայրենական պատերազմի ժամանակ հրթիռակոծությունից եկեղեցին ավերվել էր: 50-ականներին քաղաքի իշխանությունները որոշում են այն քանդել ու տեղում այլ բան կառուցել: Սարյանն, իր կապերն ու հեղինակությունը գործի դնելով, կարողանում է այնպես անել, որ սրբավայրը մտնի հատուկ նշանակության պատմական հուշարձանների ցուցակի մեջ:
Եկեղեցին վերականգնման կարիք ուներ, եւ 1958 թվականին Սարյանն առաջարկում է սրբավայրի տարածքում հայ-ռուսական բարեկամության թանգարան ստեղծել՝ այդպիսով ոչ միայն փրկելով եկեղեցին: Շուտով վերականգնման նախագիծը հանձնարարվում է ճարտարապետ Մարկ Գրիգորյանին, իսկ աստվածամերժության տարիներին եկեղեցու վերականգնումը բացառիկ երևույթ էր, նկատում է Ռուզան Սարյանը:
Ռուսաստանում, Արցախում, Նախիջեւանում գտնվող հայկական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին Սարյանն անհապաղ բարձրաձայնում էր, նամակներ ուղղում ամենաբարձր օղակներին, այդ թվում Լավրենտի Բերիային, Լեոնիդ Բրեժնեւին, քանի որ ուրիշ միջոց չէր տեսնում:
1970 թվականի հունիսին Ադրբեջանի ԿԿ առաջին քարտուղար Հեյդար Ալիեւին ուղղված նամակում Սարյանը խնդրում է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների պահպանման հարցը դարձնել հստակ քննարկման առարկա: Մտահոգություն է հայտնում մասնավորապես Դադիվանքի խաչքարերի վնասվելու մասին: «Ժամանակին ֆրանսիացի միսիոներներն առաջարկում էին վիթխարի գումարներ միայն այն բանի համար, որ այդ խաչքարերը տեղափոխվեին Փարիզ եւ ցուցադրվեին Եվրոպայում, այժմ դրանց վրա ճաքեր են գոյացել, եւ քարե նախշերն ավերվում են անձրեւից, արեւի ճառագայթներից»,- Ալիեւին ուղղված նամակում գրում է Սարյանը՝ նկատելով, որ ոչինչ չի ձեռնարկվում հայկական հուշարձանները պահպանելու համար: Անդրադառնում է նաեւ 1963 թվականի Ադրբեջանական ԽՍՀ ատլասի «Հանրապետության տարածքի հին ու միջնադարյան կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձանները» բաժնին, որտեղ ընդգրկված եւ հաշվառված չեն Ամարասի վանքը, Գթիչի ամրոցը, Թարգմանչաց վանքը: Սարյանը մտահոգությամբ նշում է, որ Ադրբեջանում խորհրդային իշխանության գոյության 50 տարվա ընթացքում հայկական հուշարձաններ չեն վերականգնվել:
Սարյանը հայկական պատմական հուշարձանների լավ գիտակ էր, նկատում է բանախոս Սոֆյա Սարյանը, դա նաեւ ճամփորդությունների ժամանակ արված սեփական ուսումնասիրությունների շնորհիվ է:
1902 թվականից ի վեր միտքը, որ պետք է ջանք չխնայել պահպանելու իր նախնիների բնակավայր Անիի դեռևս կանգուն բեկորները, չէր դադարում նկարչին հետապնդելուց: «Դեպի Անի» իր հոդվածում նա գրում է. «Դարեր են անցել այդ աշտարակների, պարիսպների, տաճարների վրայով, անթիվ գնդակներով ու նետերով են վիրավորել այդ հսկաները… Բայց ժամանակն ավելի անգութ է: Նա անշշուկ, սակայն եւ անընդհատ քայքայում է այդ անխնամ թողնված հուշարձանները: Կգա՞ արդյոք այն օրը, երբ թանկագին բեկորները միացնող ու խնամող կգտնվի եւ ապագա սերնդին վկայական կթողնի Անիի անցյալ փառքից»:
Կյանքի վերջին տարիներին անգամ նկարիչը չդադարեց հույսեր փայփայելուց, որ Անին կվերադառնա մայր հայրենիքի գիրկը: 1968 թվականին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչը նամակ է ուղղում Լեոնիդ Բրեժնեւին՝ ողջ ժողովրդի անունից խնդրելով վերադարձնել Անին՝ «թույլ միք տալ նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ»: Սրանք ժողովրդական նկարչի հուշարձանների պահպանությանն ուղղված, ըստ էության, վերջին փորձերն էին, որոնք այդպես էլ անպատասխան մնացին:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։