Ուկրաինական «Ունիան» գործակալությունից հայտնել են, որ Մարիուպոլում կամուրջներն ականապատվել են: Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն հայտնել է, որ կամուրջներից յուրաքանչյուրի մոտ ռուսներն ամրապնդել են նաեւ պաշտպանական կառույցները։ Ռուսները պատրաստվում են անխուսափելի մարտերի բռնազավթված Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքի համար։
«Այժմ կամուրջներով տեղաշարժը սահմանափակված է, իսկ պաշտպանական կառույցները՝ պարսպապատված: Հակառակ ամբողջ քարոզչությանը` ռուսները հիմնովին պատրաստվում են Մարիուպոլի համար անխուսափելի ճակատամարտին»,- հայտնել է Անդրյուշչենկոն: Նա հավելել է, որ ռուսներն ավերակների են վերածել Մարիուպոլի պատմական կենտրոնը: Բացի դրանից` քաղաքում նկատվել է ռուսական զինուժի մեքենաների տեղաշարժի սրընթաց աճ։ Հիմնականում Բերդյանսկի ուղղությամբ ուղարկվում են ռուսական զորքերի անձնակազմով համալրված բեռնատարներ։
Նշվում է, որ ռուսներն ակտիվորեն բնակարաններ են գնում Մարիուպոլում: Միաժամանակ, ըստ Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի, նրանք հետաքրքրված են ոչ այնքան անշարժ գույքի ձեռքբերմամբ, որքան հիփոթեքում ներգրավվելու դեպքում ՌԴ բյուջեից փոխհատուցմամբ։