Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո Հայաստանում համապետական առաջին ընտրությունները կայացան 1995 թվականի հուլիսի 5-ին: Նույն օրը միաժամանակ անցկացվեց նաեւ Սահմանադրության ընդունման հանրաքվե:
Սրանք Հայաստանի պատմության Ազգային ժողովի առաջին ընտրություններն էին: 190 պատգամավորից 150-ը ընտրվեց մեծամասնական, 40-ը՝ համամասնական ընտրակարգով: Ընտրություններին մասնակցեց 1 մլն 183 հազար մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 55 տոկոսից ավելին:
Ընտրություններն անցան առանց ՀՅԴ-ի, քանի որ քվեարկությունից կես տարի առաջ կուսակցության գործունեությունը կասեցվել էր, իսկ ղեկավարության մի մասը, տարբեր ամբաստանություններով, հայտնվել բանտերում:
Միջազգային դիտորդների որակումը, որ 1995-ի խորհրդարանական ընտրությունները եղել են «ազատ, բայց ոչ արդար», վերաբերում էր հենց ՀՅԴ-ի՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելուն:
ՀՅԴ-ն չկար, փոխարենը կար «կոոպերատիվ» Հայ դաշնակցություն անունով կուսակցություն, որը ընտրություններին մասնակցեց «Կամք» միության հետ եւ ստացավ քվեների ուղիղ 2 տոկոսը:
Իշխանությունները համամասնական ընտրակարգով մի քանի կուսակցությունների հետ ստեղծել էին 222 հոգուց կազմված «Հանրապետություն» միավորումը, որի մաս էին կազմում ՀՀՇ-ն, Հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Մտավորական Հայաստան» միությունը եւ Ռամկավար-ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը: ՀՀԿ-ականներից ցուցակում ընդգրկվել էին Աշոտ Նավասարդյանը՝ 7-րդ, Անդրանիկ Մարգարյանը՝ 23-րդ, Գալուստ Սահակյանը՝ 149-րդ, Հերմինե Նաղդալյանը՝ 221-րդ տեղը: «Հանրապետություն» միավորման ցուցակը գլխավորում էր Բաբկեն Արարքցյանը, 3-րդ հորիզոնականում Վազգեն Սարգսյանն էր:
«Հանրապետությունը» 13 ուժերի մեջ առաջինն էր 42.7 տոկոսով կամ ավելի քան 329 հազար քվե: Երկրորդ տեղում Վանո Սիրադեղյանի մտահղացմամբ ձեւավորված «Շամիրամ» կանանց միավորումն էր՝ գրեթե 17 տոկոս, երրորդ տեղում Հայկոմկուսը՝ 12 տոկոս:
Հուլիսի 27-ին կայացած Ազգային ժողովի անդրանիկ նիստում Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հայաստանը փաստորեն դարձավ նախկին կոմունիստական համակարգի երկրներից միակը, որտեղ կոմունիստները չկարողացան ռեւանշ վերցնել, ավելին` նրանք իրենց դիրքերը զգալիորեն զիջեցին անգամ նախորդ խորհրդարանում ունեցած ներկայության համեմատ: Սա լրացուցիչ եւ թերեւս ամենապերճախոս ապացույցն է պատմական այն անհերքելի ճշմարտության, որ կոմունիստական գաղափարախոսությունը Հայաստանում ոչ թե հիմնված է եղել ազգային արմատների վրա, այլ բռնությամբ պարտադրվել է օտար ուժերի կողմից եւ ծառայել է բացառապես նրանց նպատակներին»:
Ընտրությունների երկրորդ կարեւոր արդյունքը, ըստ Տեր-Պետրոսյանի, «ժողովրդավարական աջ ուժերի համոզիչ հաղթանակն է», ինչպես նաեւ «Հայաստանի կանանց, մասնավորապես «Շամիրամ» միության հաջողությունը, որը հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման պերճախոս վկայությունն է»:
Համամասնական ընտրակարգով, Հայկոմկուսից բացի, խորհրդարան անցան նաեւ ընդդիմադիր երկու այլ ուժեր՝ Վազգեն Մանուկյանի Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ)՝ 7.5 տոկոս, եւ Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ)՝ 5.6 տոկոս: Երկու կուսակցություններն էլ համամասնական ընտրակարգով ստացան 3-ական տեղ:
Հայաստանի 8 խորհրդարանական ընտրությունների պատմության ընթացքում (1990, 1995, 1999, 2003, 2007, 2012, 2017 եւ 2018) արձանագրվել է երկու նմանօրինակ դեպք, երբ մեկ ընտանիքի երեք անդամներ՝ երեք եղբայրներ, ընտրվել են նույն գումարման Ազգային ժողովի պատգամավորներ:
Առաջինը Գեւորգյան ընտանիքն էր 1995 թվականի Ազգային ժողովի ընտրություններում: «Ղարաբաղ կոմիտեի» հանգուցյալ անդամ, ՀՀՇ-ն ներկայացնող Սամվել Գեւորգյանի հետ պատգամավոր դարձան նրա երկու եղբայրները՝ Գեւորգ եւ Ժիրայր Գեւորգյանները:
Խորհրդարանի ՀՀՇ-ական փոխնախագահ Արա Սահակյանը, որն այսօր Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» անդամ է, ընդդիմադիր ԱԻՄ-ին ծաղրելու համար հեգնանքով ասում էր՝ այդ կուսակցությունը Գեւորգյան ընտանիքի չափ պատգամավոր ունի:
Երկրորդ ընտանիքը Աբրահամյաններն էին Մալիշկա գյուղից, Մոսկվայում հաստատված գործարար Արա Աբրահամյանի երեք եղբայրները՝ Արմեն, Գագիկ եւ Սերյոժա Աբրահամյանները: Նրանք պատգամավոր դարձան 2003-ին, թեեւ նախորդող եւ հաջորդող խորհրդարաններում էլ նրանցից մեկը կամ երկուսը եղել են պատգամավոր: Ի տարբերություն Գեւորգյան ընտանիքի, որոնք ՀՀՇ-ական էին եւ համակիր, Աբրահամյանները տարբեր կուսակցություններ էին ներկայացնում: Գործարար Գագիկ Աբրահամյանը ներկայացնում էր Հանրապետականը, Սերյոժան՝ Օրինաց երկիրը, իսկ Արմենը՝ Բարգավաճ Հայաստանը:
Մեծամասնական ընտրակարգով հիմնականում պատգամավոր ընտրվեցին իշխող ՀՀՇ-ն ներկայացնող կամ նրան համակրող գործիչներ՝ գործարարներ: «Օլիգարխիա» բառը այն ժամանակ դեռ քաղաքական բառապաշարի մաս չէր կազմում: Երկիրը նոր էր դուրս եկել հաղթական պատերազմից:
Խորհրդարանի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: Ազգային ժողովում գործում էին «Հանրապետություն», «Շամիրամ», Հայկոմկուս, ԱԺՄ, ԱԻՄ խմբակցությունները եւ իշխանամերձ 31 հոգանոց «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը: 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 հոգի):
1998-ի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:
Առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվել են 1995 թվականի հուլիսի 27-ին եւ ավարտվել 1999-ի հունիսի 9-ին: Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը`«մայր», իսկ 158-ը`փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր:
1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով Հայաստանն ունեցավ Սահմանադրություն, որը գործեց 10 տարի: 2005-ի նոյեմբերին կայացավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Այն հայտնի է «Ուրվականների հանրաքվե» անունով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։