Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ պետական անվտանգության ծառայությունն այսուհետեւ չի ապահովի երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անվտանգությունը։
Նախկինում Պետանվտանգության ծառայությունն ապահովում էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անվտանգությունը, ինչպես նաեւ պատասխանատու էր նրա կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների, արժանապատվության եւ ունեցվածքի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման համար՝ Ղազախստանի տարածքում եւ արտերկրում նրան տրամադրելով միջազգային եւ այլ տեսակի կապի միջոցներ։
Ներկայում վերոնշյալ կետերը դուրս են մնացել Պետական անվտանգության ծառայության կանոնակարգից։ Դրույթից հանվել են նաեւ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի անվտանգությունն ապահովելու համար անվտանգության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2023-ի օգոստոսի 4-ից։ Ավելի վաղ չեղարկվել էր նաեւ քրեական պատասխանատվությունը հրապարակային վիրավորանքի եւ Էլբասիի (2010-ի հունիսի 14-ից մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը Ղազախստանի «ազգի առաջնորդ», «պետության ղեկավար» համարվող Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնական կոչումը) անձեռնմխելիության խախտման համար։