Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։
Մասնավորապես պարզ է դարձել, որ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ եւ «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումով, 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության արտադրած ապրանքներն իրացրել է «Կայզեր» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետներին որպես «Լոռի» պանիր։ Այնինչ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այդ ապրանքները պարունակում են բուսական յուղ եւ ԵՏՀ խորհրդի կանոնակարգի իմաստով «պանիր» չեն:
Միաժամանակ ապրանքների վրա բացակայել է «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված (պատրաստված) պանրի տեխնոլոգիայով» անվանումը եւ «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկությունը։
Բացի այդ՝ վերոնշյալ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության ապրանքը դրել է շրջանառության մեջ եւ իրացրել «Կայզեր» սուպերմարկետին՝ որպես «Ոսկե Սեր» ընկերության արտադրանք, որի հետեւանքով վերջինիս վարքագիծն առաջացրել է հասարակության մոլորեցման եւ շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն։
Բացահայտված իրավախախտումների համար անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք։