Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ի ասուլիսին անդրադարձավ նաեւ «Արցա՞խ, թե՞ Լեռնային Ղարաբաղ» դիլեմային:
«Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից, եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւոր դրույթներից մեկն այն էր, որ հստակ ֆիքսվեց «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, որի տակ ստորագրեցին ե՛ւ Հայաստանի վարչապետը, ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ Ռուսաստանի նախագահը: Որից հետո, շատ ժամանակ չանցած, Ադրբեջանի նախագահը սկսեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, չկա էդպիսի բան, եւ չկա էդպիսի եզրույթ: Եվ մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ, շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին, մի ինչ-որ զարմանալի ձեւով սկսեցին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը: Հետո մենք խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավունքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին: Բա ես էդ էի ասում նախորդ հարցին ի պատասխան, որ հասկացությունների իմաստը եւ հասկացությունների ընկալելիությունը շատ կարեւոր նրբություններ են: Ես ասում եմ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ միջազգային հանրությանը կարող եմ բացատրել, թե դա ինչ է նշանակում: Կա ստորագրված թուղթ դրա մասին: Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացություն օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն եւ ասում են՝ Արցախ, Արցախ, նրանք իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Ասում եք, ասե՛ք Արցախ: Արցախ, Արցախ: Հետո՞: Մենք հասկանո՞ւմ ենք ընդհանրապես՝ ինչի մասին ենք խոսում: Թուղթ կա ստորագրված: Հետո ասում են՝ բա ինչի՞ եք Լեռնային Ղարաբաղ ստորագրում: Հո կենացով չի: Մի՛ ստիպեք ինձ ամեն անգամ հիշել 2020-ի սեպտեմբերի 28-ին առաջացած խցանումների մասին Ստեփանակերտից դեպի Երեւան:
Էլի մարդ կար: Ասում եք՝ Շուշին հանձնեցիք, ասում ենք՝ կհետաքննենք, հետաքննում ենք, քրեական գործ ենք հարուցում, կալանավորվում են, եւ կալանավորում ենք, հետո գալիս եք, ասում եք՝ էդ մարդիկ քաղբանտարկյալ են: Դավաճանական կառավարությո՞ւն է: Դե, դավաճանական կառավարության աջակցություններից հրաժարվե՛ք: Կամ էդ կենացները: Գիտե՞ք ինչքան կենացներ եմ լսել: Անձամբ ճանաչում եմ տենց կենացասացներին, որոնք պատերազմի ժամանակ 300-ի տակ ճողոպրում էին: Թող ոչ մեկին չթվա, թե Ղարաբաղի ակցենտով խոսելը նշանակում է հերոս: Բացարձակապես չի նշանակում»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: