Շիրակի մարզի Ղարիբջանյան, Գետք, Ախուրիկ եւ Ազատան բնակավայրերում կրկին կարկտահարություն է եղել: Մեկ ամիս առաջ այս գյուղերում կարկուտը սրբել տարել էր բերքի մեծ մասը: Մինչ վերացանք կատարելով կամ մնացած մշակաբույսը կրկնակի պարարտացնելով հողօգտագործողները փորձել են տարվա բերքը փրկել, վրա է հասել երկրորդ կարկտահարությունը:
Ըստ բնակիչների՝ բացի բերքից վնասվել են նաեւ արեւային ջրատաքացուցիչները, կոտրվել ավտոմեքենաների եւ տների պատուհանների ապակիները: Հեղեղաջրերն էլ գյուղի քար ու ավազով են ողողել նկուղները, փչացրել կուտակած ալյուրն ու անասնակերը:
Մինչ Ախուրյան համայնքի վարչական տարածքում արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի արձանագրման, չափերի ճշգրտման եւ գնահատման համար ձեւավորված մշտական հանձնաժողովը կուսումնասիրի եւ կգնահատի վնասի վերջնական չափը, գյուղացիներն իրենց տվյալներն են պնդում. բերքը վնասվել է 30-100 տոկոսով:
Ախուրյանի հակակարկտային կայանի ծառայությունից տեղեկացնում են, որ համայնքում կա 74 հակակարկտային կայան, որոնցից 73-ը ամենօրյա աշխատանքային վիճակի է բերված:
Ըստ կայանի պատասխանատուների՝ հակակարկտայինները կարկտահարված բնակավայրերում պատշաճ կրակել են, բայց 100 տոկոս արդյունք չեն ունեցել, քանի որ ձեւավորված ամպերը եղել են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության:
Նշենք, որ կորցրած բերքի փոխհատուցում, որպես այդպիսին, պետությունը չի առաջարկում: Փոխարենը ներդրել է ցանքատարածությունների ապահովագրման համակարգ: Որպեսզի կարկտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության եւ երաշտի ռիսկը կառավարելի լինի, գյուղատնտեսական ու ֆերմերային տնտեսություններին առաջարկվում է 50-60 տոկոսով սուբսիդավորված ապահովագրություն կատարել, բայց օգտվել դրանից չի պարտադրվում:
Ապահովագրության վճարը, կախված մշակաբույսի տեսակից, մշակվող հողի եւ սերմացուի որակից, տարբեր է: Օրինակ՝ աշնանացան ցորենի ապահովագրության մեկ հեկտարի արժեքը միջինացված թվով 10 հազար դրամ է: Կախված բերքի կորստի չափից՝ փոխհատուցումը կլինի 300-600 հազար դրամ:
Նշված գյուղերում բնակիչները տեղեկացրին, որ ապահովագրել են հիմնականում ցորենի ցանքատարածությունները, բայց այսօր վնասվել են հիմնականում կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բանջարանաբոստանային այլ մշակաբույսեր, որոնց ապահովագրումը դեռեւս ներդրված չէ հանրապետությունում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։