Ռուսաստանը հսկայական ռեսուրսներ է կենտրոնացնում Ուկրաինայի ուղղությամբ։ Ռազմական ուժերի կուտակումը դեռ չի ավարտվել, սակայն դիտորդների գնահատմամբ` իր ծավալներով ու խորությամբ ռուսական ռազմուժի նման կենտրոնացումը (ավելի քան 100 հազար մարդ, ցամաքային, օդային եւ ռազմածովային տարաբնույթ սպառազինություն), թերեւս, աննախադեպ է ԽՍՀՄ փլուզումից ի վեր` գերազանցելով նաեւ 2014 թվականի ցուցանիշները, երբ Մոսկվան բռնազավթեց Ղրիմը, Ուկրաինայի արեւելյան` Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները։
The killer
Կարծիք կա, որ նման կերպ Կրեմլը ընդամենը հարկադրում է ԱՄՆ նոր վարչակազմին վերադառնալ երկխոսության եւ փոխադարձ պայմանավորվածությունները, շահերը պահպանելու դաշտ, որից Բայդենի թիմը հայտարարեց դուրս գալու կամ առնվազն վերանայելու մտադրության մասին, երբ ԱՄՆ նոր նախագահը Պուտինին անվանեց killer։ Մարդասպանը օրենքից դուրս է, նրա հետ չեն պայմանավորվում, նրան պատժում են։ Սա չէր կարող չանհանգստացնել Կրեմլին. Ռուսաստանի դեմ հայտարարվում է նոր պատերազմ։
Սակայն նախորդ մեկուկես տասնամյակում Գերմանիայի եւ Թուրքիայի ուղղությամբ տարվող Ռուսաստանի հետեւողական ռազմավարությունը եւ հատկապես նախորդ տարի հետխորհրդային արեայում տեղի ունեցած կարեւորագույն երկու իրադարձությունները հուշում են, որ Կրեմլի նախաձեռնության նպատակը սոսկ Բայդենի վարչակազմի հետ պայմանավորվելը չէ։
Ռուսաստանի ավանդական աշխարհաքաղաքականությունը
Ընդհանրապես, Գերմանիայի ու Թուրքիայի հետ պայմանավորվելը Արեւմուտքի կողմից ճնշվող Ռուսաստանի արդեն ավանդական հակաքայլն է, որը օգնում է վանելու արեւմտյան ճնշումը Ռուսաստանի սահմաններից` ազդեցության գոտիների բաժանելով Մոսկվայի, Բեռլինի ու Անկարայի միջեւ ընկած երկրները եւ ժողովուրդներին։
Դասական օրինակը ֆաշիստական Գերմանիայի հետ Ստալինի պակտն էր, սակայն հայերն ավելի տեղեկացված են Լենին-Աթաթուրք հայտնի պայմանավորվածությունից, որն ավելի երկար կյանք ունեցավ եւ կրկին սկսեց գործել մեր ժամանակներում։
Իր գոյության ողջ ընթացքում Խորհրդային Ռուսաստանը արեւմտյան աշխարհի միայն այդ երկու երկրների հետ նման պայմանավորվածության հանգեց, ինչը օբյեկտիվ պատճառներ ուներ եւ ունի, քանզի միայն Բեռլինն ու Անկարան կարող են Մոսկվային տալ անվտանգության երաշխիքներ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի ճնշման հիմնական ուղղություններում` արեւմտյան (եվրոպական) եւ հարավարեւմտյան (Սեւ ծով, Կովկաս, Կասպից)։
Արեւմտյան դաշինքը կազմալուծելու կամ առնվազն թուլացնելու նպատակով Ռուսաստանը ձգտում է Գերմանիային ու Թուրքիային առաջարկելու ավելին, քան նրանց կտա ալյանսը։ Բայց եթե Գերմանիայի հետ պայմանավորվածությունները շարունակում են սահմանափակ մնալ, ու չնայած առեւտրատնտեսական լուրջ ծավալներին եւ Северный поток գազամուղերին, ըստ էության, զսպվում են Արեւելյան Եվրոպայում ամերիկյան ռազմուժի աճող ներկայությամբ, ապա Թուրքիայի ուղղությամբ Ռուսաստանն իրական ճեղքում արձանագրեց (առայժմ դիվանագիտական միակ ճեղքումը ԽՍՀՄ փլուզումից ի վեր, որն էլ ավելի է կարեւորում Անկարայի հետ Մոսկվայի ներկայիս հարաբերությունները)։
Առեւտրատնտեսական համագործակցության շարունակ աճող ծավալներից, էներգետիկ եւ արդեն նաեւ ռազմատեխնիկական փոխգործակցությունից զատ՝ ռուսները, թերեւս, չեն խորշի Թուրքիային առաջարկել միջուկային տերության կարգավիճակ` անվտանգության ոլորտում Անկարայի կապը Արեւմուտքի հետ թուլացնելու նպատակով։ Աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար միջուկային զենքի խաղաքարտը կիրառելու փորձ Կրեմլը ունի (Չինաստան, Հնդկաստան, Հյուսիսային Կորեա), իսկ այսօր Թուրքիայի հետ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է ատոմակայանի կառուցման եւ Անկարայի տիեզերագնացության (նաեւ հրթիռաշինակա՞ն…) ծրագրի զարգացման ուղղությամբ։
Հայաստանի դեմ պատերազմով Ռուսաստանը Թուրքիայի հետ փակեց իր հարավային թեւը
Որո՞նք են մի քանի պայմանագրերով ձեւավորված ռուս-թուրքական մեկդարյա պայմանավորվածության առանցքային տարրերը. Թուրքիան սահմանափակում է ոչ սեւծովյան տերությունների ծովային ուժերի մուտքը Սեւ ծով, Բոսֆոր-Դարդանել նեղուցներով ռուսները Սեւ ծովից երաշխավորված ելք են ստանում դեպի Միջերկրական ծով ու հետո` Համաշխարհային օվկիանոս, Ռուսաստանը երաշխավորում է Թուրքիայի կովկասյան, սեւծովյան սահմանները, իսկ Անկարան պարտավորվում է չխառնվել Ռուսաստանի մահմեդականների գործերին, ինչը, ի դեպ, երկուստեք խախտվել էր 1990-ական թվականների առաջին կեսին` ղարաբաղյան պատերազմի եւ չեչենական ապստամբության ժամանակ։
Մեր ժամանակներում ռուս-թուրքական պայմանավորվածության առաջին լուրջ ցուցիչը Սիրիան էր, որին գրեթե զուգահեռաբար մեկնարկեց երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Պատահական չէ, որ ղարաբաղյան status quo-ն փոխելու` Ադրբեջանին յոթ շրջանները հանձնելու պահանջը Կրեմլը Հայաստանի ղեկավարությանը ներկայացրեց Սիրիա ռուսական զորքերի մտնելուց երկու ամիս անց` 2015 թվականի նոյեմբերին` 2016 թվականի ապրիլյան պատերազմից ընդամենը չորս ամիս առաջ։
Ռուս-թուրքական պայմանավորվածությունը, սակայն, տարածաշրջանային լիարժեք բնույթ ստացավ Հայաստանի դեմ 2020 թվականի սեպտեմբերին սկսված 44-օրյա պատերազմով, ինչի հետեւանքով Սիրիայից հետո Մոսկվա-Անկարա համատեղ ազդեցությունը գրեթե ամբողջովին փակեց նաեւ Հարավային Կովկասը։
Հայաստանի դեմ պատերազմը Մոսկվայի ավելի լայն ռազմավարության մի մասն է, այն դուրս է սոսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունից։ Ինչպես մեկ դար առաջ, Թուրքիային արված զիջումների գնով Ռուսաստանը ապահովագրեց իր հարավային թեւը` հարձակման անցնելով իր համար հիմնական` արեւմտյան ճակատում (նույնը հարյուր տարի առաջ էր` 1919-1921 թվականների ռուս-լեհական պատերազմի ժամանակ)։
Արդյո՞ք Արեւելյան Եվրոպայում նախապատրաստվում է Status Quo-ի փոփոխություն
Թե ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները որքան կարեւոր են Մոսկվայի համար, ցույց է տալիս նաեւ այն, որ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմից ի վեր, երբ իրական վտանգ կար, որ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողություններին ներգրավվելու են նաեւ խորհրդային ու ամերիկյան զինուժերը, առաջին անգամ Ռուսաստանը հրապարակավ բացազատել է իր ռազմավարական միջուկային ուժերը։ Սա պարզորոշ տեսանելի է տիեզերքից, Մոսկվայում գիտեն սրա մասին, նպատակը ԱՄՆ-ին ու Եվրոպային համապատասխան ուղերձ հղելն է։
Սակայն Արեւելյան Եվրոպայում սպասվող զարգացումների լրջության մասին են հատկապես վկայում, ինչպես արդեն նշել ենք, հետխորհրդային արեայում տեղի ունեցած երկու իրադարձություններ` ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, որի հետեւանքների մասշտաբայնությունը ակնհայտորեն դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից, եւ անցած տարվա օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները, որի հետեւանքով Լուկաշենկոյի թուլացած վարչակազմը ավելի է հակված խորացնել ինտեգրացիան Ռուսաստանի հետ։
Եթե այս դիտարկումները ճիշտ են, ուրեմն առաջիկայում ուկրաինական ուղղությամբ մենք իրավիճակի շոշափելի փոփոխություն ենք տեսնելու` դիվանագիտական կամ ռազմական ճանապարհով։
Արտաշես Տեր-Հարությունյան